Հնդկաստանի իշխանությունները բացահայտել են անհայտ մահացու հիվանդության հնարավոր պատճառը
ԱշխարհՀնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում վերջերս գրանցված անհայտ վիրուսային տենդի բռնկման հետևանքով մի քանի տասնյակ մարդ է մահացել: Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ հիվանդության պատճառը կարող է լինել դենգե տենդը, հաղորդում է «Московский комсомолец»-ը:
Փորձագետները պարզաբանել են, որ դրա փոխանցողներն են մոծակները:
«Ախտանշաններով այն դենգե տենդ է: Այժմ մենք ուսումնասիրում ենք այս հիվանդության աճի պատճառները և բոլոր մահվան դեպքերը», - ասում է նահանգում առողջապահության հարցերով վերահսկիչ Ամիտ Մոհան Պրասադը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուտար Պրադեշ նահանգում 70 մարդ է մահացել անհայտ հիվանդությունից, որոնցից 12-ը երեխաներ են: Ավելի ուշ առողջապահության պետական նախարարը հերքել էր այս տեղեկությունը և պարզաբանել, որ 32 երեխա և յոթ մեծահասակ մահացել են ջերմությունից:
Նշվել էր, որ հիվանդների մեծ մասի մոտ բարձր ջերմություն է եղել, արյան մեջ թրոմբոցիտների մակարդակի անկում և ջրազրկում: Ի թիվս այլ բաների, հիվանդների մոտ նկատվել են դենգայի նման ախտանիշներ` ուժեղ գլխացավ, մկանային ցավ, սրտխառնոց, բարձր ջերմություն և ավշային հանգույցների այտուցվածություն: