Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ին տեղի ունենալիք գունագեղ միջոցառումը
Հասարակություն44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները և հարազատները պահանջում են չեղարկել Անկախության տոնին կայանալիք մասշտաբային և գունագեղ տոնակատարությունը:
Արցախում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտարարելով Ֆլեշմոբի մասին. «Ֆլեշմոբ: Ես` հերոս Դուխավիկ Մխիթարի մայրս, դատապարտում եմ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցող գունագեղ միջոցառումը և պահանջում չեղարկել այն...»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց, որ Անկախության տոնին ունենալու ենք մասշտաբային և գունագեղ տոնակատարություն.
«Այս տարի ՀՀ անկախության 30-ամյակն է, և մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի։ Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այն, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։