Թեև Փաշինյանի դրած պայմանը չի փոխվել, բայց ջուրը կթանկանա
Политические«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով. ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։ Ջրի սակագնի բարձրացման որոշում կայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերն է, իսկ որոշումն ընդունելուց հետո նոր սակագինը ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 1-ից։ Սակայն, հարկավոր է հիշել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դեռևս 2018 թվականին տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ, երբ նա վստահեցնում էր՝ «Վեոլիա ջրի» հետ պայմանավորվել են, որ մինչև 2024 թվականը Հայաստանում ջրի թանկացում տեղի չի ունենալու։
Թե ի՞նչ փուլում են գտնվում վարչապետի ակնարկած պայմանավորվածությունները, ինչո՞ւ են խախտվում դրանք և ի՞նչ նոր պայմանավորվածությունների արդյունք է, որ «Վեոլիա ջուրը» նման առաջարկ է ներկայացրել ՀԾԿ հանձնաժողով՝ ԼՈՒՐԵՐ․com-ի այս հարցադրումներին ի պատասխան` ՀՀ կառավարությունից հայտնել են, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է յուրաքանչյուր տարի հանձնաժողով ներկայացնել հաջորդ տարվա ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հայտ, ընկերության կողմից նման հայտեր ներկայացվել են նաև ծառայությունների մատուցման 2018-2021 թվականների սակագների ճշգրտման համար և որևէ այլ մեխանիզմներով ծառայությունների մատուցման սակագների աճը չփոխհատուցելու դեպքում սակագների աճ կլիներ նաև նշված տարիներին։
Կառավարությունից փոխանցել են, որ սակագները մինչև օրս պահպանվել են 2017 թվականի համար սահմանված 180 դրամ/խմ մակարդակում, այդ թվում՝ 2019-2021 թվականների համար, ինչն իրականացվել է վերոնշյալ տեսանյութում Փաշինյանի հնչեցրած՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում․ «Նշված պայմանավորվածությունները որևէ կերպ չեն փոխվել, մասնավորապես՝ պայմանավորվածություն է եղել, որ այլ հնարավոր միջոցներով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անհրաժեշտ դրամական հոսքերն ապահովելու դեպքում ընկերությունը չի առարկի դեռևս 2016 թվականին իրականացված վարձակալության մրցույթի արդյունքում ձևավորված բազիսային սակագների ճշգրտման գործոնները կարող է պահպանվել ծառայությունների մատուցման գործող 180 դրամ/խմ սակագինը, ինչն էլ իրականացվել է անցած տարիներին։ Նման մոտեցում կարող է կիրառվել նաև 2022 թվականի և հետագա տարիների համար, մինչդեռ հանձնաժողովը ներկայումս հարցի շուրջ շահագրգիռ կողմերի միջև ընթացող քննարկումների ժամանակ առաջարկել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ կնքված վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների (2022-2031թթ․) համար կիրառել ծառայությունների մատուցման հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն՝ միաժամանակ միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար անփոփոխ թողնելով գործող 180 դրամ/խմ սակագինը»,- տեղեկացնում են կառավարոթյունից։
Սակայն նկատենք, որ կառավարության պատասխանում որևէ խոսք չկա 2024 թվականի վերաբերյալ և չկա որևէ հստակ հիմնավորում, թե ինչո՞ւ է «Վեոլիա ջուրը» որոշել բարձրացնել ջրի սակագինը այն դեպքում, երբ այդ մասին պայմանավորվել են դեռևս 2018-ին։
Սոնա Հարությունյան