«Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է. ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական««Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է և կխանգարի մեզ երաշխավորել Արցախի ապագան»,- այս մասին «Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը` հորդորելով իր տեսակետը չընկալել որպես քաղաքական մեծամասնության պատգամավորի գնահատական:
Եթե այդպես ենք մոտենում հարցին, ըստ նրա, մեր խնդիրը փաթաթում ենք մեր գործընկերների վզին: Բայց, միաժամանակ, իր կարծիքով, սա չի նշանակում հրաժարվել Արցախի խնդիրը հետապնդելու նպատակից, բայց գերնպատակը ՀՀ-ն է, ոչ թե Արցախը:
Վիգեն Խաչատրյանի համոզմամբ` ոչ միասնականության արդյունքում միշտ տապալել ենք հայկական հարցը, հիմա էլ միասնականություն չկա եւ Արցախի հարցը իշխանության գալու թատերաբեմ չպետք է լինի:
Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ վերջին 300 տարում այդ տարածքները եղել են վիճելի եւ երբեք խոսք չի գնացել, որ դրանք Հայաստանին են պատկանում, այլ ՌԴ-ի՞ն, Թուրքիայի՞ն, թե՞ Իրանին եւ կոչ արեց իրականությանն ուղիղ նայել եւ խոսել ոչ թե տարածքների պատկանելիության մասին, այլ այն մասին, որ այդ տարածքներում մարդկանց անվտանգությունը վտանգված է:
Իշխանական պատգամավորի կարծիքով` ՀՀ իշխանությունն սկսել է իրատեսական քաղաքականություն վարել, որը, սակայն, չի հենվում միասնականության վրա, ուստի, իշխանության թիկունքն ամուր չէ: