Տեղահանվածներին ստիպողաբար հանում են հյուրանոցներից՝ թողնելով անտուն. ծանր կացության մեջ ենք. հադրութցի
SocietyԱրցախից տեղահանված բնակիչները կրկին հավաքվել են Կառավարության շենքի դիմաց։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում, որին մասնակցում են տարբեր բնակավայրերից տեղահանված արցախցիներ։ Նրանք պահանջում են, որ պետությունը ապահովի բնակարաններով, քանի որ արդեն շուրջ մեկ տարի է՝ պատերազմի հետևանքով բռնի տեղահանվածները չունեն ոչ մշտական բնակության վայր, ոչ էլ կարգավիճակ։
Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմնական խնդիրը սոցիալականն է՝ երեք ամիս է պետությունից աջակցություն չեն ստանում. «Խոսք են տվել, որ լինելու են 25-50 հազարական դրամները։ 2-3 օրը մեկ սոցապ փոխնախարարների մակարդակով ասում են որոշումը կա, բայց չգիտեմ ինչո՞ւ՝ ծրագիրը չկա, մենք էլ երեք ամիս է չենք կարողանում բնակարանների վարձը տանք»։
Վերջինս ասաց, որ տեղահանվածներին ստիպողաբար հանում են հյուրանոցներից՝ թողնելով անտուն. «Ոնց 1 տարի առաջ էինք տուն ու տեղ կորցրած, նույն ձև էլ այսօր՝ մեր կյանքում փոփոխություն չի եղել, չգիտենք՝ ինչո՞ւ են անմարդկային վերաբերմունք ցույց տալիս։ Շոր ու ուտելիքը աշխատում հասցնում ենք, բայց վարձերը թանկացել են։ Ծանր կացության մեջ ենք հայտնվել, ձմեռվա բերան տներից հանում են»,- ասաց Արթուր Ստեփանյանը։
Նրանք Կառավարության մոտից քայլերթով կուղևորվեն ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակ՝ հայտարարելու, որ ՀՀ-ում կան փախստականներ, ապա շարժվելու են Ֆրանսիայի դեսպանատուն՝ հանձնելու նամակ, որում հումանիտար ապաստան են խնդրելու Ֆրանսիայի նախագահից։