Բոլորս էլ ուզում ենք Արցախ գնալ, բայց տեղ չկա մնալու, ո՞ւր գնանք. տեղահանված արցախցի
ՀասարակությունՀույս ունենք, որ ՀՀ կառավարությունը, ի վերջո, քայլեր կձեռնարկի լուծելու մարդկանց գոնե ժամանակավոր ապաստանի խնդիրը. մեկ տարին արդեն բավականին երկար ժամանակ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կառավարության շենքի դիմաց ասաց բողոքի ակցիա իրականացնող Արցախից տեղահանված բնակիչը:
Նա նշեց, որ Կառավարության կողմից հնչած յուրաքանչյուր խոստում, մնում է օդում կախված. «Այստեղ այնպիսի մարդ չկա, որը չի ուզում վերադառնալ Արցախ, ասում են՝ գնացե՛ք Արցախ, ձեզ տուն կտանք, բայց հադրութցին Հադրութն ա կորցրել, շուշեցին Շուշին, գնանք, որտե՞ղ մնանք Արցախ»,- նշեց բողոքի ակցիա իրականացնողը:
Նրանք ՀՀ կառավարությանը խնդրում են, որ Արցախի հանրապետության կարգավիճակը դրվի օրակարգում, ինչպես նաև իրենց տրամադրվի փախստականի կարգավիճակ. «Եթե ունենանք այս կարգավիճակը, ապա մեզ վրա կլինի միջազգային հանրության ուշադրությունը, և մեր հարցերով կզբաղվի ոչ միայն ՀՀ և ԱՀ կառավարությունը, այլև միջազգային հանրությունը»,- ասաց շուշեցին: