Արցախի Ճարտար քաղաքի գերեվարված բնակիչը սպանվել է. ԱՀ ՄԻՊ
ՀասարակությունԱրցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Ս.Ս. մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ:
Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել է Արցախի խաղաղ բնակչին:
Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է:
Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար»:
Ավելի վաղ Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր, որ Ճարտարի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհետ կորել է։ Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: