Թալինի համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը
PoliticalԱրագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը: Նրա դեմ պայքարում էր ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածու առաջադրված «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանը: Տավրոս Սափեյանը ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:
Ինչպես հայտնի է` դեկտեմբերի 5-ին, Թալին համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթել էր ՔՊ-ն՝ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, որը ստացել էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 46.6 %-ը կամ 5037 ձայն։ Սակայն, նրա հետ պայքարի դուրս եկած 3 ուժերը հայտարարեցին՝ միավորվել են, ինչը չէր բացառում, որ ՔՊ-ն չկարողանար հաղթահարել անհրաժեշտ շեմը:
Հիշեցնենք՝ «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորում էր 2002-2012 թթ.-ին Թալին համայնքը ղեկավարած, ապա ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը։ «Հայք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում էր մարզիչ-մանկավարժ Կարեն Գրիգորյանը։ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը անկուսակցական Տիգրան Հարությունյանն էր:
Նշենք, որ Սափեյանն աչքի էր ընկել հատկապես նախընտրական ուղերձով, որտեղ հանդես էր գալիս առանձնահատուկ առոգանությամբ ու ոգևորությամբ, որը շատերին հիշեցնում էր առաջին դասարանցու հանդեսի ելույթ։