«Այդ ո՞ր քաղաքական ուղուց է շեղվել քաղաքապետը». Իզաբելլա Աբգարյանը՝ Գալջյանին
Տեսանյութեր«Դուք ձեր ելույթում ասացիք, որ քաղաքապետին անվստահություն հայտնելը կուսակցական հարց չէ, բայց երևանցիներին տրված հիմնավորումներում նշվում է, որ քաղաքապետը շեղվել է քաղաքական ուղուց, քաղաքապետի իմպիչմենտին կողմնակից մարդիկ բազմիցս կրկնել են դա». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ հարց ուղղելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին:
«Ի՞նչ նկատի ունի «Իմ քայլը», երբ ասում է՝ քաղաքապետը շեղվել է քաղաքական ուղուց, այդ ո՞ր ուղուց է շեղվել»:
Արմեն Գալջյանն էլ պատասխանեց.
«Ավագանու ճգնաժամն առաջացել է Հայկ Մարությանի և իշխող քաղաքական ուժի կապի խզումից: Ժողովուրդն ընտրում է քաղաքական ուժի, և ոչ թե անձերի, ինչը նշանակում է, որ եթե համամասնական ցուցակի որևէ անդամ չի կիսում քաղաքական ուժի հայացքները, որոշումների հետ ունի անհամաձայնություն և լքում է քաղաքական ուժը, ապա տրամաբանական է, որ պետք է թողնի այն պաշտոնը, որը ստացել է քաղաքական ուժի առաջադրման արդյունքում»,-ասաց Գալջյանը:
Իզաբելլա Աբգարյանն էլ արձագանքեց, որ, ըստ էության, հստակ պատասխան չտրվեց իր հարցին.
«ՀՀ քաղաքացիներին, ավագանու անդամներին ներկայացվել է «Իմ քայլը» խմբակցության անունից հայտարարութուն, այդ հայտարարության վերջում քաղաքապետին հաջողություն էին մաղթում քաղաքական նոր հանգրվանում, հիմա դուք ինչ ասես, կարող եք ասել, բայց ձեր պաշտոնական ներկայացրած հիմնավորումը քաղաքական ուղու հետ էր կապված»,-ասաց Աբգարյանը: