ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
ՔաղաքականԱշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի և ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին:
Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, Արթուր Դավթյանն ընդգծել է, որ նշանակալի այս իրադարձությունը խորհրդանշում է ՌԴ պետական առանցքային ինստիտուտներից մեկի կայացման ու զարգացման անցած ահռելի ճանապարհը, ինչպես նաև դեռևս Պետրոս Առաջինի կողմից դատախազության հիմնադրման գաղափարի հիմքում ընկած՝ անօրինության, անարդարությունների, օրենքների անբեկանելի կատարման նկատմամբ հսկողության առաքելության արդիականությունն ու կենսունակությունը:
Ուղերձում ասվում է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև հաստատվել է բազմավեկտոր համագործակցության ջերմ, ընկերական մթնոլորտ՝ հիմնված հանցավորության դեմ պայքարում երկու կառույցների նպատակների և տեսլականների ընդհանրության վրա: Վերջինս նաև նպաստել է երկկողմ մասնագիտական ռեսուրսների կատարելագործմանը, փորձի փոխանակմանն ու շփումների մերձեցմանն ուղղված բազմաթիվ համատեղ միջոցառումների իրականացմանը:
«Իրավական փոխօգնության կառուցակարգերի արդյունավետ գործարկումը, մեր քաղաքացիների իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը և տարբեր մակարդակներով երկու երկրների դատախազությունների փոխգործակցությունը օգնում են լուծել ոչ միշտ օրենսդրորեն հստակ կարգավորվող հարցեր, նաև ստեղծում են էական նախադրյալներ համագործակցության ուղղությունների հետագա ընդլայնման համար»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Արթուր Դավթյանը կարևորել է նաև երկրի տարածքից դուրս, աշխարհի տարբեր մասերում, այդ թվում նաև մեր տարածաշրջանում՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՌԴ դատախազության աշխատակիցների գործունեությունը: Այն ուղղված է նրանց սպասարկման շրջանակում օրինականության պահպանմանը, նպաստում է ռիսկի գոտում գտնվող ազգաբնակչության անվտանգության և խաղաղ գոյության իրավունքի պաշտպանությանը, ինչպես նաև արտահայտում է համամարդկային չարիքի վերածված անդրազգային հանցագործությունների, մասնավորապես, ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարում դատախազության սկզբունքային անհանդուրժողականությունը:
ՌԴ դատախազության աշխատակիցներին մաղթելով հաջողություններ իրենց ծառայողական գործառույթների, համակարգի կողմից նախանշված նպատակների իրականացման գործում՝ Արթուր Դավթյանը շեշտել է, որ ՀՀ դատախազությունը, որպես կայուն, վստահելի գործընկեր, շարունակաբար ձգտելու է ավելացնել ՌԴ դատախազության հետ համագործակցության ներուժը: