Մենք ձեզ կհաղթենք՝ ուժասպառ անելով․ անպայման կհաղթենք, որովհետև մեր գործն արդար է․ Յուրի Խաչատուրով
Քաղաքական«Մենք մեծ գործ ենք անում, մեծ գործերի ժամանակ շտապողականություն պետք չէ, պետք է հանգիստ, ամեն օր, քարը քարին դնելով՝ առաջ շարժվել։ Այդ ժամանակ գալիս է այն պահը, երբ հաղթանակ է լինում։ Հաղթանակ անպայման կլինի, պետք է պարզապես համբերությամբ զինվել»։
Զինված ուժերի պահեստազորի գեներալը մեկ օրինակ բերեց ոչ վաղ անցյալի մեր պատմությունից։
«1998 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ՊՆ կոլեգիայի անդամներին հրավիրեց իր մոտ։ Ես այն ժամանակ կորպուսի հրամանատար էի․ կորպուսի միակ հրամանատարը, ով նաև ռազմական կոլեգիայի անդամ էր։ Նախարարի հետ՝ 6 հոգի էինք։ Վազգեն Սարգսյանը մեզ հարց տվեց՝ կո՞ղմ եք նրան, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում․ ով կողմ է, թող ձեռք բարձրացնի։ Ոչ ոք ձեռք չբարձրացրեց։ Դրանից հետո նա երկրորդ հարցը տվեց՝ կո՞ղմ եք, որ Արցախն անկախ լինի։ Բոլորը ձեռք բարձրացրին։ Նա մեզ ընդամենը մի քանի խոսք ասաց՝ հիմա գիտեմ, թե ինչ է պետք անել։ Եվ 2 ժամ անց նախագահը հրաժարական ներկայացրեց»,- ասաց Յուրի Խաչատուրովը։
Հանրահավաքի մասնակիցները նրա խոսքը ծափահարություններով ողջունեցին։ Յուրի Խաչատուրովը շարունակեց՝ 1998 թվականից հետո 20 տարի շարունակ մենք հանգիստ ապրեցինք, որպես հաղթողներ։
«Մենք հպարտանում էինք մեր բանակով, հպարտանում էինք մեր պետությամբ»,- շեշտեց հայկական բանակի գեներալը և կրկին կոչ արեց չվհատվել ու սպասել հաղթանակի։
Այսօր գործող իշխանության ներկայացուցիչներին, որոնք համարձակություն չունեն արտաբերելու, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Յուրի Խաչատուրովն ասաց՝ գոնե ասեք, որ դա չեք ցանկանում։
«Դուք հայե՞ր չեք»,- հարց հնչեցրեց Յուրի Խաչատուրովը։
Նա կրկնեց՝ հաղթանակ անպայման լինելու է, դրան ամենից շատ հավատում են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, իսկ իշխանությունն իրականում ցանկանում է, որ պայքարի դուրս եկածները բախումների մեջ մտնեն ոստիկանության, իշխանության ներկայացուցիչների հետ, ինչը չի լինելու։
«Չեք տեսնի դա։ Մենք ձեզ կհաղթենք՝ ուժասպառ անելով։ Անպայման կհաղթենք, որովհետև մեր գործն արդար է, մենք հանգիստ ենք մեր խղճի առջև, իսկ դուք բոլորդ վախենում եք ու վախից դողում»,- շեշտեց Յուրի Խաչատուրովը։