Մոլդովական փողոցում 72-ամյա տղամարդը դանակահարել է 59-ամյա հարևանին. քրեական հետախույզների և պարեկների բացահայտումը
ВидеоԵրևանի Մոլդովական փողոցի բակերից մեկում երկու հարևան օգոստոսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում վիճել են, ու վեճի ժամանակ նրանցից ավագը դանակահարել է մյուսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Այդ երեկո մարմնական վնասվածքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու ահազանգ է ստացվել. առաջինն օպերատիվ կառավարման կենտրոնից էր. հայտնում էին, որ Մոլդովական փողոցում դանակահարություն է եղել, երկրորդ ահազանգն արդեն հիվանդանոցից էր. «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 59-ամյա տղամարդ:
Օպերատիվ խմբերը և՛ Մոլդովական փողոց, և՛ բժշկական կենտրոն մեկնեցին: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողն ի վիճակի չէր ցուցմունք տալու:
Նոր Նորքի քրեական հետախույզները պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանների հետ իրականացրած միջոցառումներով արագ ճշտեցին, թե որ շենքի մոտ, ստույգ՝ որ հատվածում է կատարվել դեպքը: Արդյունավետ էին նաև ականատես վկաներ հայտնաբերելուն ուղղված միջոցառումները. օպերատիվ հարցումներով ստացված տեղեկությունները վկայում էին, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր 72-ամյա հարևանը:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով՝ 72-ամյա տղամարդը նույն օրը ձերբակալվեց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ տարածքի զննությամբ հայտնաբերվել են դանակ, արնանման հետքեր: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: