Ռուսաստանյան հիվանդանոցները պատրաստ են աջակցել Հայաստանին. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Արտաքին ՔաղաքականՌուսաստանյան հիվանդանոցները «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո պատրաստ են աջակցել Հայաստանին։ Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը, Նիժնի Նովգորոդի պետական բժշկական ակադեմիան և Պրիվոլժիեի հետազոտական բժշկական համալսարանը (Նիժնի Նովգորոդ) հայ բարեկամներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել։
Բացի այդ, պայթյունի հետևանքների վերացմանը առաջին իսկ րոպեներին միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը։
Կենտրոնը փրկարարական սարքավորումներ և տեխնիկա է փոխանցել, որոնք օգնել են գնահատել ավերածությունների ծավալը և բացահայտել հրդեհի օջախները: Դեպքի վայրում է նաև վթարային-փրկարարական մեքենան՝ հիդրավլիկ փրկարարական սարքավորումներով։ Կենտրոնի աշխատակիցները ԱԻՆ-ի հետ լուսավորություն են տեղադրել, որը թույլ է տվել աշխատանքը շարունակել նաև գիշերային ժամերին:
«Շարունակում ենք ուշադիր հետևել ՀՀ ԱԻՆ աշխատակիցների անձնվեր աշխատանքին»,-ասված է հաղորդագրության մեջ։