«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունը ծաղրած իմքայլական ավագանու անդամը մանդատը վայր է դրել
ԲլոգոսֆերաԵրևանի ավագանու « Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքյան իր էջում․
«Եվ իսկապես, կա մի սահման, երբ անհնար է դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում ՝ մինիմումը տանում է դեպի «փալաս» դառնալուն առաջինը ինքդ քո առջև:
Ցավոք, այս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում է երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետևաբար, և ոչ մի հուշարձան ապահովվագրված չէ խոշտանգումներից:
Չեմ կրկնվի նշելով մանրամասներ:
Բայց ինձ վերականգնվել է պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու»:
Հիշեցնենք, որ Կարինե Բաղդասարյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դեպքից հետո գրառում է կատարել ֆեյսբուքում՝ նշելով. «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէր լինի»։ Գրառման շուրջ քննադատություններից հետո Բաղդասարյանը հեռացրել է այն։