Եթե ժողովուրդը պիտի առաջացնի հուժկու շարժումը, էլ ընդդիմությունն ո՞ւմ է պետք․ Կարին Տոնոյան
ПолитическиеՔաղաքական աշունը, ինչպես ասում են, սարերի ետևում չէ․ ի՞նչ խմորումներ կլինեն առաջիկայում, ընդդիմություն-իշխանություն հակասությունների կծիկը ի՞նչ հանգրվանի կբերի, դեռ պարզ չէ։
«Ես ընդդիմություն- իշխանություն սուր հակասություն համարյա չեմ տեսնում, ամեն մեկն իր առօրյայով ապրում է. չկա հստակ օրակարգ, եղածն էլ անհասկանալի է ու ոչ հայկական շահի համատեքստում: Ընդդիմության հայտարարությունն էլ, թե մինչև համաժողովրդական հուժկու ըմբոստություն չլինի, ոչ հրաժարական կլինի, ոչ էլ անվստահություն հայտնելու ճանապարհը կհաջողի, նման էր անկարողության ինքնախոստովանանքի։ Հարց է առաջանում՝ իսկ այդ ո՞վ պետք է առաջացնի այդ հուժկու շարժումը կամ ապստամբությունը։ Եթե ժողովուրդն ինքը, ապա այդ դեպքում էլ իրենք ո՞ւմ են պետք»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց հասարակական գործիչ Կարին Տոնոյանը։
Նա նշեց, որ քաղաքական աշնանից մեծ կանխատեսումներ չունի, որովհետև եթե անգամ լինեն էական փոփոխություններ, ապա դա միայն դրսի թելադրանքով կամ կամքով կլինի։
«Ներսից չի լինի, որովհետև դեռ առկա չէ այն ուժը, որը կկարողանա ժողովրդին կազմակերպել և ուղղորդել հայաշահ օրակարգով. եղած նոր ուժերը դեռ չունեն այդքան վստահություն և հանրային ճանաչում, ուստի ահռելի աշխատանք դեռ պետք է կատարեն: Սա չի նշանակում, թե դա չի հաջողելու, պարզապես դրա համար ժամանակ է պետք և համառ ու նպատակային աշխատանք»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Արա Ալոյան