Քանդվել է Մոսկովյան 3 շենքին կից ինքնակամ կառուցված առևտրի կրպակը
ՀասարակությունՄոսկովյան 3 հասցեում գտնվող Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շենքին կից տարիներ առաջ տնտեսվարողը ինքնակամ տեղադրել էր առևտրի կրպակ, իսկ հարակից տարածքում՝ սառնարաններ, որոնք նաև կրպակի առկայությամբ աղավաղում էին կառույցի ճարտարապետական տեսքը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից։
Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2004թ․ հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ վերոնշյալ շենքը ճանաչվել էր ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ տնտեսվարողը կամովին ազատել է կրպակը, որից հետո վարչության և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով կրպակն ապամոնտաժվել է։