Կա հստակ ռիսկ, որ Ադրբեջանի հետ բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի. ԱԳ փոխնախարար
Կա հստակ ռիսկ, որ Ադրբեջանի հետ բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի։ Այս մասին Reuters գործակալության հետ զրույցում այսօր նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Ընդգծելով, որ այս պահին հայտնի է մոտ 50 զոհված հայ զինծառայողների մասին, Հայաստանի փոխարտգործնախարարը չի բացառել, որ այդ թիվը «կարող է զգալիորեն աճել»։
«Մեզ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն միջազգային հանրության կողմից կատարվածի նկատմամբ. մենք ավելի մեծ ուշադրության ենք արժանի: Դուք նշեցիք Ուկրաինայի պատերազմը, հենց դրա վրա էլ հույս է դնում մեր հարևանը. որ ամբողջ ուշադրությունը կլինի այնտեղ, և ոչ մի պատշաճ արձագանք մեր հիմնական գործընկերների կողմից»,-ասել է ԱԳ փոխնախարարը:
Հարցին, թե ինչ է Հայաստանն ակնկալում Ռուսաստանից, Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է. «Մենք ունենք ռազմական պայմանավորվածություն, դա մեր գլխավոր ռազմական գործընկերն է, և կան որոշակի դրույթներ, որոնք մենք խնդրել ենք, որ նա իրագործի: Մենք լրջորեն կքննարկենք ցանկացած հնարավորություն կամ տարբերակ, որը կարող է լինել»: