Թե՛ նախկինները և թե՛ Փաշինյանի ուժը լիովին ու միայն սպասարկում են ռուսական շահը․ Հայկ Մարտիրոսյան
ПолитическиеԱդրբեջանի վերջին սադրանքից հետո խորհրդարանական ընդդիմությունը մինի-հանրահավաք սկսեց Աժ դիմաց՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը, արդեն կոնկրետ իմպիչմենտի գործընթաց սկսելով։ Թե որքանո՞վ կարող է սա արդյունավետ լինել, թերահավատությունը մեծ է, նկատի առնելով նույն ընդդիմության անցյալի հանրահավաքային պայքարի ձախողումները։
«Ադրբեջանը հստակ, պլանավորված հարձակում է գործել` Հայաստանից հիմա էլ Սյունիքը պոկելու և շատ արագ մնացածում հայկական պետականությունը վերացնելու նպատակով: Դա սադրանք չէ: Մենք ընդհանրապես պետք է սադրանք բառի իմաստը սկսենք ճիշտ հասկանալ: Դա հարձակում է` պատերազմ և ոչինչ դրանից պակաս»,-ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նշեց «Ազգային-Ժողովրդավարական Բևեռի» խորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։ Ինչ վերաբերում է նախկիններին, ապա թե՛ նրանք և թե՛ Փաշինյանի ուժը լիովին ու միայն սպասարկում են ռուսական շահը, նկատեց մեր զրուցակիցը։
«Ի՞նչ իմփիչմենթ: Եթե նախկիններն իրոք ուզենային` հիմա վաղուց Փաշինյանն այլևս իշխանության չէր լինի:Ինչպես Մոսկվան կարգադրի` այդպես էլ անելու են երկուսը: Կամ խաղալու են Մոսկվայի հնարած սցենարով: Հայաստանում միայն մեկ խոշոր ուժ կա, որ հայկկան ազգային օրակարգ է հետապնդում: Եվ դա Բևեռն է»,-նշեց Մարտիրոսյանը։
Անդրադառնալով նրան, որ ՀԱՊԿ-ն խումբ է ուղարկել Հայաստան, իսկ ՄԱԿ-ը նույն նպատակով կգործուղի հատուկ առաքելություն, արդյո՞ք կարելի է լուրջ քայլեր սպասել այս երկու ազդեցիկ կառույցներից, քաղաքական գործիչն ասաց․
«ՀԱՊԿ-ը զորք չի խոստացել ուղարկել: ՀԱՊԿ-ը մի քանի ուսադիրավոր զինվորական է ուղարկել: Այդքանը: ՀԱՊԿ-ը Հայաստանի թշնամու դաշնակիցն է: ՀԱՊԿ-ը ուր, Հայաստանին օգնությունն՝ ուր: Հայաստանին այսօր երկու երկիր են ազդեցիկ կերպով օգնում. ԱՄՆ-ը և Ֆրանսիան: ԱՄՆ-ը իր լուրջ քայլն արդեն արել է: Կանգնեցրել է Սյունիքի օտարումը և երբ Ջերմուկի ընկնելուն հինգ էր պակաս ու ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներում էին` Վաշինգտոնը նրանց այնպես ճնշեց, որ ստիպված եղան կանգ առնել»:
Նրա պնդմամբ, հիմա Հայաստանը պետք է քայլ կատարի․ կամ կմնա ՀԱՊԿ-ի անդամ ու որևէ իրավական կամ բարոյական հիմք չի թողնի ԱՄՆ-ին ու Ֆրանսիային օգնելու, կամ էլ դուրս կգա ՀԱՊԿ-ից ու կստանա լիարժեք, այդ թվում՝ նաև զինտեխնիկայի ու զինամթերքի տեսքով աջակցություն Արևմուտքից:
Արա Ալոյան