Բռնության այս դեպքերը վարկաբեկում են ժողովրդավարական այն արժեքները, որոնց մենք ձգտում ենք հասնել. Ժաննա Ալեքսանյան
ՀասարակությունԱյսօր առավոտյան Եռաբլուրում ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել զոհվածների ծնողների նկատմամբ, ինչի արդյունքում 2 կին վնասվածքներ է ստացել:
Թեմային ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադարձել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«Էստեղ մենակ ոստիկանության հարցը չի, իհարկե: Կառավարությանը պաշտպանելու խնդիրն էր: Իրավիճակը էնպես ա, որ ծնողները բորբոքված են, և էսօր Հայաստանի անկախության օրն է: Պարզ է, որ կառավարությունը, ոստիկանությունը և ընդհանրապես պետական մարմինները չեն ցանկանում կոնֆլիկտի կամ նման միջադեպերի ներկա լինել: Ես, իհարկե, դատապարտում եմ ոստիկանության գործողությունները: Կառավարությունը պետք է այնպես աշխատի, որ էս իրավիճակը չլինի: Ծնողները չգան և չխոչընդոտեն իրենց այդ պաշտոնական արարողությունը: Եվ գոնե այսօր՝ որպես ՀՀ անկախության օր, պետք է պատշաճորեն նշեն: Եվ, ցավոք սրտի, կառավարության քաղաքականությունը չի նպաստում այդ իրավիճակին, որ ծնողները նորմալ պատշաճորեն դիմավորեին իրենց: Զոհվածների անունները չի հրապարկվում, ծնողները սպասում են, չկա պատշաճ տեղեկատվություն: Եվ այս լարված իրավիճակում բնական են նման դեպքերը, որ կլինեին»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձում վարչապետն անդրադարձել էր ժողովրդավարությանը՝ նշելով, թե պետք է ժողովրդավարությանն ասենք՝ Այո: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Ալեքսանյանն ասաց.
«Բռնության այս դեպքերը վարկաբեկում են ժողովրդավարական այն արժեքները, որոնց մենք ձգտում ենք հասնել: Բնական է, որ չպետք է գրանցվեն էսպիսի միջադեպեր, սրանք ուղղակի ապականում են ժողովրդավարությունը, որի մասին հայտարարում են: Իրականությանը պետք է համահունչ լինեն էն հայտարարությունները ու էս միջադեպերը: Այս դեպքերը չեն նպաստում ժողովրդավարությանը»:
Լուսինե Ալեքսանյան