Սահմանին իրավիճակը բակավանին լարված է, ես չէի նկարագրի որպես կայուն. ռազմական փորձագետ
Հասարակություն«Այստեղ խնդիրը ոչ թե Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան է, այլ Ռուսաստանի անհաջողություններն են ուկրաինկան ճակատում։ Դրանցից ոգևորված՝ Ադրբեջանը փորձում է, քանի Ռուսաստանի գլուխը խառն է, այս ամենից առավելագույնը ստանալ,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով այն բանին, թե ՌԴ-ում հայտարարված մոբիլիզացիան կարող է արդյոք ազդել հայ-ադրբեջանական սահմանի նոր լարվածությանը։
«Սեպտեմբերի 13-ի, 14-ի հարձակումը լայնածավալ, ըստ էության, հենց ուղիղ հետևանք էր Ռուսաստանի նահանջի ուկրաինական շրջաններից։ Պատճառներից մեկն էր նաև այն, որ Փաշինյանը վերջին զինուժը դուրս բերեց Արցախից, Հայկական բանակի՝ մեղմ ասած անմխիթար վիճակն էլ էր պատճառ»,-ասաց փորձագետը։
Անդրադառնալով Ադրբեջանի վերջին օրերին ցուցաբերած լռությանը՝ Վրթանեսյանը ասաց.
«Սա ընդամենը մի քանի օր է։ Սա չի կարելի ասել կայուն վիճակ է։ Ադրբեջանը զբաղված է ամրացնելով իր նոր գրավված դիրքերը, նույն կերպ, ինչպես օրինակ անցած տարվա մայիսին Սև լճի մոտ, Գեղարքունիքում իրենց դիրքերը ամրացրին, հետո օգտագործեցին որպես հենակետ, որից հարձակումը ծավալեցին։
Ջերմուկում կատարվածը հետևանք է նրան, որ տարի ու կես առաջ նրանք եկել, պատրաստվել էին։ Հիմա իրավիճակը բակավանին լարված է իմ տվյալներով, ճիշտ է կրակոցներ չկան, բայց Ադրբեջանի կողմից ակտիվ տեղաշարժեր կան, և ես իրավիճակը չէի նկարագրի որպես կայուն»,-ասաց նա։
Հարցին՝ Ադրբեջանի կողմից արդյոք կարող ենք հարձակման սպասել Սեպտեմբերի 27-ին ընդառաջ, Վրթանեսյանը չբացառեց.
«Չի կարելի իհարկե բացառել։ Ադրբեջանցիները, ինչպես նաև Արևելյան բոլոր ժողովուրդները, սիմվոլիզմ սիրում են, բայց այնպես չէ, որ դա առաջնահերթ է»։