Անի խոշորացված համայնքի ավագանին մանդատները կստանա հոկտեմբերի 2-ին
ПолитическиеՇիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ավագանին մանդատները կստանա առաջիկա կիրակի, սակայն առավելագույն՝ որոշիչ մանդատների քանակ ոչ մի կուսակցություն չունի: Ըստ նախնական տվյալների «Հայկական երազանք» կուսակցությունը ստանալու է 3 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 8 մանդատ և «Ազգ-համայնք» դաշինքը 10 մանդատ: Ավագանու որոշումների համար որոշիչ ձայն ունենալու համար պետք է առնվազն 11 ձայն, ինչը նշանակում է, որ լինելու է ուժերի միավորում, սակայն մինչ այս պահը երեք քաղաքական ուժերը չեն շտապում հայտարարել այս կամ այն ուժի հետ միավորվելու մասին:
Ընտրությունների գործընթացը համակարգող թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ այս պահին դեռ միավորման մասին ոչ մեկ չի խոսել: «Մի քիչ առաջ ևս խոսել եմ երեք ուժերի ներկայացուցիչների հետ, բայց միավորվելու մասին այս պահին դեռ լռում են»,- տեղեկացրեց Գոռ Պետրոսյանը՝ հավելելով, որ ՏԸՀ քվեաթերթիկների վերահաշվարկի մասին հանձնաժողովը դիմում բողոքներ թեև չէր ստացել, սակայն սեփական նախաձեռնությամբ 3 տեղամասերի տվյալներ վիճակահանությամբ բացվել են և ոչ մի փոփոխություն չի արձանագրվել:
Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ էին՝ համամասնական կարգով ընտրություններին Անիում մասնակցել է 3 քաղաքական ուժ՝ «Հայկական երազանք» կուսակցությունը, որի 23 հոգանոց ավագանու ցուցակը գլխավորում է Անիի ավագանու անդամ, գործարար Ագուն Սաղաթելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի 63 հոգանոց ցուցակի առաջին համարը Մարալիկի, Արթիկի և Ախուրյանի «Հայ փոստի» համակարգող Արման Սարիբեկյանն է, և «Ազգ-համայնք» դաշինքը, որի 61 հոգանոց ցուցակը գլխավորում է Մարալիկի երկարամյա քաղաքապետ, հետագայում Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը:
Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49,44 տոկոսը, այսինքն՝ 15,901 ընտրողից 7861-ը։