Որքանո՞վ է իրատեսական Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության անցկացումը․ քաղաքագետի դիտարկումները
ՔաղաքականՎերջին օրերին ՀՀ իշխանական էլիտան սկսել է շրջանառել Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության, դրա մեխանիզմների ստեղծման մասին։ Արցախում, ի դեպ, պատրաստ են ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, սակայն, բնականաբար, նշում են իրենց նախապայմանները, այն է՝ բանակցային ձևաչափի վերականգնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որտեղ Արցախը հանդես է գալու հավասարը հավասարի կարգավիճակով, նաև որպես հակամարտության կողմ։
Մեր այն հարցին, թե որքանո՞վ է իրատեսական նման երկխոսության կազմակերպումը, քաղաքագետ Թևան Պողոսյանը ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նշեց հետևյալը․
«Եթե վերականգնվի բանակցային ամբողջական ֆորմատը, ապա, այո՛, Ստեփանակերտը պատրաստ է ուղիղ երկխոսություն վարել Բաքվի հետ՝ որպես կոնֆլիկտի կողմ՝ հավասարի սկզբունքով։ Այդ երկխոսության իրականացումը, մեծ հաշվով, կապված է նրանից, թե որքանով է Հայաստանը հաստատուն իր առաջարկի մեջ և ինչքանով է պայքարում դրանք առաջ տանելու համար։ Դրա փոխարեն, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր քմահաճույքներն ու նախապայմանները պնդել․ երեկ Ալիևը Պրահայում երկու անգամ ընդգծեց, որ պատրաստ է ընդունել ՀՀ տարածքային ամբողջականությունը, սակայն՝ առանց Արցախի։ Ավելի՛ն, Ադրբեջանի նախագահը մշտապես նշում է, թե Ղարաբաղի հայերը, եթե չինտեգրվեն Ադրբեջանին՝ ազատ են լքելու երկիրը, իսկ նրանք, որոնք կապրեն այնտեղ՝ նրանց հարցերով զբաղվելու է Ադրբեջանը՝ առանց որևէ մեկին բացատրություն տալու»։
Քաղաքագետի պնդմամբ, Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ինչ ասում է, հետևողականորեն առաջ է տանում․
«Այդ պայմաններում Հայաստանը պետք է պայքարի ու առաջ տանի իր առաջարկներն՝ ի շահ հայկական կողմի, ոչ թե պարզապես հնչեցնի մտքեր՝ զուտ հնչեցնելու համար։ Արցախ-Ադրբեջան ուղիղ երկխոսությունը իրատեսական կարող է լինել նաև աշխարհաքաղաքական իմաստով․ եթե ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրները ցանկանան, ապա այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ, բայց, միայն ապավինել նրանց բարեհաճությանը, սխալ է։
Եթե ԱՄՆ-ն ցանկանա, կարող է ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես արվել է Կոսովոյի դեպքում, նույնը կարող է անել համանախագահ երկրներից Ռուսաստանը՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի, իսկ վերջերս նաև ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի ու մյուս տարածաշրջանների օրինակով»,-շեշտում է մեր զրուցակիցը։
Արա Ալոյան