Որևէ պաշտոնական բանակցությունում ՀՀ ինքնիշխան տարածքով որևէ «միջանցքի» մասին խոսակցություն չկա. ՀՀ ԱԺ պատգամավոր
ՔաղաքականԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «միջանցքի» մասին հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, որևէ պաշտոնական բանակցությունում Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ «միջանցքի» մասին խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: Խորհրդարանական ճեպազրույցում այս մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:
Պատգամավորն ընդգծեց՝ որքան էլ Ալիևը կամ Ադրբեջանի այլ պաշտոնյա խոսեն «միջանցք»-ի մասին, պաշտոնական հայտարարությունները, պաշտոնական հանդիպումներին հետևող հաղորդագրություններն այլ բանի մասին են խոսում: Որպես օրինակ՝ Գրիգորյանը հիշեցրեց, որ վերջերս Ժնևում ԵՄ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում ևս շեշտվել է՝ դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։