Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ Սրապիոնյան
ՔաղաքականՏավուշում բնակիչները շարունակում են բողոքել իշխանությունների սկսած մի գործընթացի դեմ, որն իշխանությունները համարում են սահմանազատում, իսկ բնակիչները՝ հայկական տարածքների հանձնում թշնամուն։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները պահանջում են իշխանություններից դադարեցնել հանձնվողական քաղաքականությունը և չխաթարել իրենց անվտանգությունը։ Մինչդեռ ապրիլի 29-ին Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին արդեն տեղադրվել է 35 սյուն։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը Տավուշում տեղի ունեցող բողոքի ակցիաների առնչությամբ ասաց՝ եթե Տավուշում սկսված գործընթացին չմիանան հասարակության լայն խավերը և պայքարի դուրս չգան՝ ապա բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչ է սպասվելու Հայաստանին։
«Բազմիցս առիթներ ունեցել եմ ասելու, որ քաղաքական ուժերը, անկախ նրանից, սխալներ թույլ տվե՞լ են, թե՞ ոչ, այս իշխանությանը, խունտային հաջողվեց նրանց պարզապես վարկաբեկել, խաղալով միջին և միջինից ցածր խավի սոցիալական շահերի վրա։ Այդ քաղաքական ուժերն այսօր, ցավոք, չեն կարողանում առաջ բերել այն ընդհանրական մտայնությունը, որ այս երկիրն օրհասի մեջ է, և հաշված ժամանակի մեջ ոչ միայն Հայաստանը, այլև հայ ժողովուրդը գոյություն չի ունենա։ Միակ ինստիտուցիոնալ կառույցը, որն իր ամբողջ պատմության ընթացքում հաջողել է հայ ժողովրդին պահել հայ, հայկականությունը սերմանել նրա մեջ՝ Հայ Առաքելական եկեղեցին է»,- նշեց Սերժ Սրապիոնյանը։
Ըստ գրականագետի, որքան էլ փորձեն վարկաբեկել եկեղեցուն, չեն կարողանալու, քանի որ Առաքելական եկեղեցին պատմության առաջ վաղուց իր քննությունն անցել է։ Ավելին՝ այսօր, Հայաստանի համար օրհասական պահին բեռը կրկին մնացել է եկեղեցու ուսերին։