Նորվեգացի հայագետը ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ստանալ․ ի՞նչ մտավախություն ունի Սվեն Էրիկ-Ռիսեն թուրքերից և ադրբեջանցիներից
ՀասարակությունՆորվեգացի փորձագետ, հայ ժողովրդի բարեկամ Սվեն-Էրիկ Ռիսեի հետ ԼՈՒՐԵՐ․com-ն օրերս էր զրուցել։
Հիշեցնենք, որ սկանդինավցի հայագետը իրեն որպես հայկական անուն է ընտրել Տիգրան Վանը։ Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հոդվածների և Նորվեգիայում դասախոսությունների հեղինակը նաև երկու գիրք է հրատարակել՝ «Հայաստան. ինչու եմ սիրում Հայաստանը» (նորվեգերեն եւ անգլերեն) և «44 օր Արցախում» (նորվեգերեն):
Պարզվում է՝ Սվեն-Էրիկ Ռիսե-Տիգրան Վանը երազում է ՀՀ քաղաքացիություն ստանալ և հայկական անձնագիր ունենալ։
«Ես շատ հպարտ կլինեմ, եթե երբևէ հայկական անձնագիր ստանամ, և այդ մասին խոսել եմ մի քանի դեսպանների հետ։ Ես դա քննարկել եմ շատ հայերի հետ։ Նաև հասկանում եմ, որ կարող են խնդիրներ ծագել։ Օրինակ՝ երբ ես գրեմ Հայաստանի մասին, թուրքերն ու ադրբեջանցիները կարող են օգտագործել այդ փաստը և ասել, որ ես իրականում հայ եմ և կողմնակալ եմ իմ ազգության պատճառով»,- ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց նա։
Սվենի կարծիքով, այս պահին գուցե նպատակահարմար է ներկայանալ ոչ որպես հայ՝ հայության շահերն ու հայկական հարցը առաջ մղելու տեսակետից։
«Բայց հուսով եմ, որ կգա այն օրը, երբ ես կարող եմ հպարտությամբ ներկայանալ որպես իսկական հայ։ Իսկ մինչև այդ օրը՝ ես հայ եմ մնում իմ ընտրությամբ»,-եզրափակեց նորվեգացի գործիչը։
Արա Ալոյան