Ի՞նչ սպասելիքներ ունեն Ստեփանակերտում Փաշինյան-Հարությունյան հանդիպումից և ո՞րն է արցախցու «կարմիր գիծը»․ տեսակետ
ԱրցախԱրդեն տեղեկացրել ենք, որ Երևանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: ՀՀ վարչապետի աշխատակազմից նաև հայտնել են, որ նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Կարևոր հանդիպման մասին՝ ընդամենը կարճ ու արարողակարգային պարբերություն, մինչդեռ հանդիպմանն ընդառաջ բավականին կարևորվել էր այն՝ հատկապես Արցախում հասունացող ժողովրդական ընդվզման պայմաններում։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեին կամ ունեն Արցախում այս հանդիպումից, Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ, Արցախի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգային հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանը ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց հետևյալը․
«Հանդիպման նպատակի մասին, թերևս, նախագահի մամուլի խոսնակը հայտարարել էր, սակայն, իմ համոզմամբ՝ որևէ ակընկալիք ունենալ ներկայիս Հայաստանի իշխանություններից դրական առումով` սին հույսեր են։ Այս իշխանությունները այլևս պատրաստ չեն պաշտպանելու Արցախը, այլևս ունակ չեն սպասարկելու հայկական շահը և միակ հայանպաստ քայլը որ կարող է անել Նիկոլ Փաշինյանը՝ դա հրաժարական տալն է»։
Մեր այն դիտարկմանը, թե առաջիկա օրերին քաղաքական, հասարակական ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Ստեփանակերտից, Հակոբյանն ասաց, որ Արցախում մի հարցի շուրջ կա լիակատար կոնսենսուս` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում․
«Ցանկացած քայլ, որը կհատի կամ ընդհուպ կմոտենա այդ կարմիր գծին, կարծում եմ ստանալու է պատշաճ հակազդեցություն Արցախում ապրող մեր հայրենակիցների կողմից և մենք լինելու ենք առաջին շարքերում»։
Արա Ալոյան