Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու որոշումն աչքալուսանք էր Ադրբեջանին և Թուրքիային. Խամոյան
Ի գիտություն, Կոնստանտին Զատուլինն արդեն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների հիստերիկ որոշումները չեն ազդելու իր հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Հայ-ռուսական հարաբերությունների մասին ընտանեկան թերթով գաղտագողի անհեթեթ ծանուցումներ տվող, երկիրն առհասարակ թերթով ղեկավարող Հավաստի աղբյուրն այսօր ի լուր աշխարհի հայտարարել է, որ արգելվում է Կոնստանտին Զատուլինի մուտքը՝ ՀՀ, մարդու, որը միշտ աչքի է ընկել բացառապես իր հայամետ դիրքորոշումներով, մարդու, որի մուտքը դեռ տարիներ առաջ արգելվել է Ադրբեջան՝ Արցախ այցելելու և Ղարաբաղյան հակամարտությունում հայանպաստ դիրքորոշումներով հանդես գալու համար։ Սա աչքալուսանք էր Ադրբեջանին և Թուրքիային, որի քաղաքացիներն անարգել մուտք են գործում Հայաստան, պղծում Ցեղասպանության հուշահամալիրը, որի պաշտոնյաները, որոնք բազմիցս հանդես են եկել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հայտարարություններով, բայց ՀՀ իշխանությունների կողմից չեն ճանաչվել անցանկալի անձ, հակառակը, արժանացել են նրանց բարեհաճությանը »,- նշեց Ագնեսա Խամոյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականը գրել էր, որ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է։ «Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում»,- նշել է կայքը։
Կոնստանտին Զատուլինը հաստատել է ու տելեգրամի իր ալիքում հրապարակել ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից ստացված էլեկտրոնային նամակն առ այն, որ իր այցը ցանկալի չէ, թե իր հայտարարությունները վնաս են հասցնում ՀՀ-ին։