Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գյումրի
Արտաքին ՔաղաքականԳյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպմանը մասնակցել են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի օգնական Արամ Շաբոյանը, համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ Նազելի Էլբակյանը։
Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ապա խոսել հայ-ճապոնական բարեկամության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում մինչ այս իրականացված և հետագա համագործակցությունների և մի շարք այլ հարցերի մասին։ Դեսպանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա անդրադարձել իրենց կողմից իրականացվելիք ծրագրերին, խոսել դրանց իրականացման համար անհրաժեշտ քայլերի, առկա կապերի առավել ընդլայնման և ամրապնդման մասին:
Համագործակցային ծրագրերի մասին խոսել են և առաջարկներով հանդես եկել նաև մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ու ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ Նազելի էլբակյանը։ Լ․Թովմասյանն առաջարկել է համագործակցել քաղաքում առկա որմնանկարների, դրանց տեղափոխման, ռեստավրացիայի, հետագա պահպանման հնարավոր ծրագրերի շուրջ։ Ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պատասխանատուն էլ հանդես է եկել Գյումրու համայնքապետարան -«Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA)» հնարավոր համագործակցության առաջարկով։
Համայնքի ղեկավարն ավելի ուշ ներկա է գտնվել նաև ճապոնական ֆիլմերի 16-րդ փառատոնի շրջանակներում Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում ցուցադրվող «Ճակատագիր, մի պատմություն Կամակուրայում» ֆիլմի ցուցադրությանը։