Բլինքենը Փաշինյանին օգնություն է առաջարկել Ադրբեջանի հետ բանակցություններում․ Պետդեպ
Արտաքին Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որում առաջարկել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը՝ նպաստելու Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ խաղաղությանը նվիրված լինելու համար և խրախուսել կոնկրետ դեպի առաջ քայլերը՝ չլուծված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ։
Նա վերահաստատել է ԱՄՆ աջակցությունն ուղիղ բանակցություններին և դիվանագիտությանը՝ Հարավային Կովկասում ամուր և կայուն խաղաղություն ապահովելու համար և ընդգծել, որ ռազմական լուծում չկա:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: