Հայաստան - Կիպրոս․ առաջին խաղակեսում հաղթեցին հյուրերը
Սպորտ

Այսօր՝ մարտի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու հետ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հանդիպումը բավականին ակտիվ սկսեցին մեր ֆուտբոլիստները։ Հանդիպման 15-րդ րոպեին մեր թիմը լավ գրոհ կազմակերպեց, սակայն այն արդյունավետ ավարտի մեր խաղացողները չհասցրեցին, իսկ երկրորդ տեմպով սկսած գրոհն արդյունքում անավարտ մնաց՝ խաղից դուրս վիճակի դրվագի պատճառով։ Տասը րոպե անց մեր թիմը ևս մեկ վտանգավոր գրոհ կազմակերպեց, սակայն Տիկնիզյանի հարվածը շեղ ստացվեց։
Հանդիպան 30-րդ րոպեին մեր թիմը բավականին նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեց․ սակայն Բիչախչյանի ոչ շատ ուժեղ, բայց դիպուկ հարվածը որսաց մրցակցի դարպասապահը։ Ի տարբերություն մեր ֆուտբոլիստների, կիպրոսցիները խաղակեսի առաջին հատվածում բավականին պասիվ էին առջևի գծում։ Հետագայում, 40-րդ րոպեին, ճիշտ է, նրանց հաջողվեց գնդակն ուղարկել մեր թիմի դարպասը, սակայն այդ դրվագում գրանցվեց խաղից դուրս իրավիճակ։ Իսկ քիչ անց նրանց հաջողվեց ևս մեկ արագ հակագրոհ կազմակերպել, վաստակել անկյունային հարված, որի խաղարկումից հետո էլ գրանցվեց այս խաղում առաջին և դեռևս միակ գնդակը։
Քիչ անց մեր թիմը լավ հնարավորություն ուներ հաշիվը հավասարեցնելու, սակայն լուսատախտակին թվերը մնացին անփոփոխ։