Բրյուսելը հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին. Euronews-ը հոդված է հրապարակել Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Արտաքին ՔաղաքականՀայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, երկրների միջև սահմանին նոր լարվածության ֆոնին, հանդիպում են ունեցել Բրյուսելում՝ բանակցությունների համար, գրում է Euronews-ը իր՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի ու Փաշինյան-Ալիև Բրյուսելում կայացած հանդիպման մասին հոդվածում:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկումը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, որը նաև երկկողմ հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ շաբաթ երեկոյան, իսկ կիրակի առավոտյան՝ Ալիևի հետ։
Բանակցությունները տեղի են ունենում կովկասյան երկու երկրների սահմանին նոր բախումների ֆոնին: Հինգշաբթի օրը այլ բախումների ժամանակ ադրբեջանցի զինվոր է մահացել, չորս հայ զինվոր է վիրավորվել, իսկ ուրբաթ օրը Երևանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժի կողմից հայ զինվոր է սպանվել, ևս երկուսը վիրավորվել են։
Մայիսի սկզբին Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպեցին ինտենսիվ քառօրյա բանակցությունների համար, որոնք հովանավորվում էին Միացյալ Նահանգների կողմից: Ամերիկայի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ գոհ է Վաշինգտոնում կայացած բանակցություններում «շոշափելի առաջընթացից»՝ հայտնելով, որ խաղաղության համաձայնագիրը «տեսանելի է»:
Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում, Փաշինյանի և Ալիևի նոր հանդիպում է նախատեսված։ Ներգրավված կլինեն Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը»,-գրում է պարբերականը: