Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ
ԱդրբեջանԱյսօր Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, գրում է Ռիա Նովոստին։
Բանաձևին կողմ է քվեարկել 491, դեմ՝ 9, ձեռնպահ է մնացել 36 պատգամավոր։ Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ «Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար»:
Պատգամավորները կոչ են անում «արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը անկեղծ պատրաստակամություն չի ցուցաբերել հարգելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»:
Հակառակ դեպքում, պատգամավորները «կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու և այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը»։
«Եվրախորհրդարանը հիշեցնում է Ադրբեջանին, որ նա կրում է ամբողջ պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և բարեկեցության համար, խնդրում է Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և համապատասխան միջազգային կոնվենցիաների, միջազգային իրավունքի սկզբունքների ու մարդու իրավունքների։ Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,- ասվում է բանաձևում։