Հայաստանի հավաքականը դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաղթող
Սպորտ
Հայաստանի հավաքականը երկամարտի 10 մեդալով դարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության հաղթող թիմային հաշվարկում:
Հայ ծանրորդները նվաճել են 4 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղը գրավել է Բուլղարիան (4 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ), երրորդը՝ Իտալիան (2 ոսկի, 2 արծաթ):
Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են նաև ամենաշատ մեդալները պոկում ու հրում վարժությունները ներառյալ: 26 մեդալից 11-ը ոսկե է, 7-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե: Երկրորդ տեղում Բուլղարիան է 19 մեդալով, երրորդը՝ Իտալիան 13 մեդալով :
Հիշեցնենք, որ հայ ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ), արծաթե մեդալի էին արժանացել Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ), իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (55 կգ) երկամարտում զբաղեցրել էր 7-րդ տեղը, Լիանա Գյուրջյանը (81 կգ) 4-րդն էր, Տաթև Հակոբյանը (87 կգ) 4-րդն էր, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) 5-րդն էր, իսկ Պետրոս Պետրոսյանը (109 կգ) պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ վնասվածք էր ստացել և չէր շարունակել պայքարը:
Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։
