Լիվերպուլը գլխավոր մարզչի պաշտոնի երեք թեկնածու ունի
Սպորտ
Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը մրցաշրջանից հետո կլքի «Լիվերպուլը»։ Անգլիական ակումբը գերմանացուն փոխարինելու երեք թեկնածու ունի։
«Լիվերպուլի» ֆավորիտը ներկայիս մարզիչին փոխարինելու համար Խաբի Ալոնսոն է, ով այս մրցաշրջանում գերազանց արդյունքների է հասել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Այնուամենայնիվ, եթե իսպանացին որոշի մնալ իր ներկայիս ակումբում կամ տեղափոխվի Մյունխենի «Բավարիա», ապա մերսիսայդցիներն այդպիսի սցենարի դեպքում ևս ծրագիր ունեն:
The Telegraph-ը հայտնում է, որ երկու մարզիչ գտնվում է «Լիվերպուլի» դիտակետում: Նրանք են Ռուբեն Ամորիմը «Սպորտինգից» և Յուլիան Նագելսմանը, ով ներկայումս գլխավորում է Գերմանիայի հավաքականը։
Պորտուգալացին վաղուց ընդգրկված է նոր սերնդի ամենատաղանդավոր մարզիչների ցուցակներում։ Նրա թեկնածությունն արդեն դիտարկում են շատ թոփ ակումբներ։ Ամորիմը դեռ երկու տարվա պայմանագիր ունի «Սպորտինգի» հետ, ուստի նրա ծառայություններով հետաքրքրված ցանկացած ակումբ պետք է պայմանագրի փոխհատուցում վճարի: Խոսքը 15 միլիոն եվրոյի մասին է։
Այդ դեպքում ավելի հեշտ է պայմանագիր կնքել Նագելսմանի հետ, ում պայմանագրի ժամկետը Գերմանիայի ֆեդերացիայի հետ ավարտվում է Եվրո 2024-ից հետո։
