Այսօր Լսողության պահպանման միջազգային օրն է
Հասարակություն![Այսօր Լսողության պահպանման միջազգային օրն է](/timthumb.php?src=disc/03-03-24/5ac6b7d0bc5bed6e9be1d3d383e80a60.jpg&w=780)
Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է: Օրվա կարգախոսն է «Մտածելակերպի փոփոխություն. իրականություն դարձնենք ականջի և լսողության խնամքը բոլորի համար»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ 446 մլն մարդ ունի հաշմանդամության հասցնող լսողության խանգարումներ: Լսողության բնածին կորստի հայտնաբերումն այսօր առողջապահության և սոցիալական հիմնական խնդիրներից է:
Նորածինների լսողության սքրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018-ից արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Երեխայի լսողության խանգարման վաղ ախտորոշումն ապահովում է նաև նրա կոխլեար իմպլանտացիայի պոտենցիալ հնարավորությունը շատ վաղ տարիքում:
Այս մեթոդով լսողության վերականգնումը միայն վիրահատական միջամտություն չէ, այն նաև հետվիրահատական երկարատև և աշխատատար վերականգնողական միջոցառում է:
Առողջապահության նախարարության կողմից վերջին տարիներին փոխհատուցվում է կոխլեար իմպլանտացիայի վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ծախսերը: 2020-2023 թթ. պետական պատվերի շրջանակներում կատարվել է շուրջ 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն:
Այսօր առաջնային է լսողության բնածին կորստի առաջնային ախտորոշման տարիքի կրճատման հարցը՝ այս պաթոլոգիայով երեխաների բուժման և վերականգնման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
![](banners/armflix.jpg)