ՀՀ իշխանությունն ունի քաղաքական կամք Եվրամիության աջակցությամբ շարունակել բարեփոխումների առաջմղումը
Քաղաքական![ՀՀ իշխանությունն ունի քաղաքական կամք Եվրամիության աջակցությամբ շարունակել բարեփոխումների առաջմղումը](/timthumb.php?src=disc/15-05-24/a0a911b6bf102a2e016caf4b219d481c.jpg&w=780)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն սերտ համագործակցության առկա մակարդակը և վստահություն հայտնել, որ այն շարունակական բնույթ կունենա:
«Համոզված եմ, որ Ձեր այցելությունը նույնպես իր նպաստը կունենա Հայաստան-ԵՄ խորը համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, ցանկանում եմ նաև ընդգծել, որ Հայաստանի իշխանությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամքն ու խիզախությունը Եվրամիության հետ փոխգործակցությամբ և աջակցությամբ շարունակել երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղումը»,- նշել է նախագահը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Վալդիս Դոմբրովսկիսը շեշտել է, որ Հայաստան-Եվրամիության բազմաշերտ համագործակցությունը զարգացման զգալի ներուժ ունի, որի կյանքի կոչմանն էլ պետք է ուղղվեն երկկողմ ջանքերը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսատնտեսական, էներգետիկայի, ենթակառուցվածքների, կապիտալի շուկայի և այլ ոլորտներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ համատեղ իրականացվող մի շարք խոշոր նախագծերի իրականացման ընթացքին և առաջիկա նախաձեռնություններին:
![](banners/armflix.jpg)