«Ավելի ցնցող դեպք, քան զինվորի դիակը կառավարության շենք բերելը, չեմ պատկերացրել»
Բլոգոսֆերա
Վարուժան Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ավելի ցնցող դեպք, քան այսօր զոհված զինվորի հարազատների՝ զինվորի դիակը կառավարության շենք բերելու նախաձեռնությունն է, պարզապես չեմ պատկերացրել: Պատկերացնու՞մ եք, թե անարդարության զգացողությունը մարդկանց ինչպիսի ծայրահեղությունների է դրդում: Ավելի մեծ հասարակական ճեղքվածք, ավելի շառաչուն հասարակական ապտակ պարզապես անհնար է պատկերացնել: Հասարակական դժգոհությունների ֆոնին նմանատիպ ակցիաները պարզապես սառը ցնցուղ են քաղաքական համակարգին:
Հասարակական տրամադրությունները եռում են: Ամբողջ հասարակությունը հայտնվել է այնպիսի վիճակում, որ ոչ ոք այլևս կորցնելու ոչինչ չունի: Դուք հասկանու՞մ եք հասարակական ուղերձը: Հասկանու՞մ եք, որ ձեր՝ սեփական պատյանից դուրս գործելու անկարողությունը արդեն անկառավարելի է դարձնում հասարակությանը: Հասկանու՞մ եք, որ տարիներ շարունակ համացանցում և այլ հարթակներում արծարծվող և ձեր կողմից անտեսվող թեմաները դամոկլյան սրի նման կախվում են ձեր գլխին...
Գոնե այս սառը ցնցուղից հետո ի վիճակի՞ եք սթափվելու: Մարդիկ, որոնք ձեզ քննադատում են կամ լուծումներ առաջարկում՝ ձեր կամ պետության թշնամիները չեն: Մեծամասնության համար մեծ հաշվով կարևոր չէ իշխողի անձը, սակայն ձեր կողմից դրսևորվող քաղաքական իմպոտենտությունը երկիրը նետում է ծայրահեղ, անվերադարձ, կործանարար պրոցեսների մեջ:
Հիշեք, այն վերջին հնարավորությունը, որ հիմա գոյություն ունի, կարող է երբեք այլևս չտրվել: Մեր հասարակությունը անհիշաչար, զուսպ հասարակություն է և իրական քայլերի, տեսանելի բարեփոխումների ֆոնին կարող է անտեսել այն բացասական լիցքերը և հակակառավարական տրամադրությունները, որ կուտակվել են տարիների ընթացքում:
Տղերք, սա իսկապես սահմանագիծն է: Սթափվեք:
Սառը դատեք և սթափ գնահատեք իրավիճակը:
Մեր հասարակությունը պատրաստ է ցավոտ, երկարատև, բայց արդյունավետ փոփոխությունների: Ի վերջո որևէ կետից հարկավոր է սկսել: Իսկ դուք անգամ այդ կետը չեք փորձում որոնել: Օգտագործեք այն մտավոր և ստեղծագործական ներուժը, որ դեռևս մնացել է Հայաստանում: Հակառակ պարագայում կիշխեք մի Հայաստանում, որտեղ իշխվողներ այլևս չեն մնացել...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան