Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ին այցելել է Մոսկվայի քաղաքապետարան
Աշխարհ
Շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Ռուսաստանի Դաշնությունում: Հոկտեմբերի 25-ին նա այցելել է Մոսկվայի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ հանդիպմանը քննարկվել են կրթության, մշակույթի, զբոսաշրջության, առեւտրատնտեսական եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Ս.Սարգսյանը նշել է, որ շատ ուրախ է Երեւանի եւ Մոսկվայի միջեւ տարեցտարի ամրապնդվող հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար:
Իր հերթին Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ քաղաքապետարանում մշակվում է առաջիկա տարիների համար Երեւանի հետ համագործակցության նոր ծրագիր եւ հույս է հայտնել, որ այն կներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները:
Սերժ Սարգսյանը եւ Մոսկվայի քաղաքապետը կարեւորել են Մոսկվայի հայ համայնքի դերը' ինչպես երկու մայրաքաղաքների, այնպես էլ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Սերգեյ Սոբյանինը նշել է, որ Մոսկվայում մեծ թվով հայեր են ապրում եւ նրանց մեջ կան գործարարության ու այլ բնագավառներում զգալի հաջողությունների հասած անձինք:
Նույն օրը Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Երեկոյան ՀՀ պատվիրակությունը կվերադառնա Երեւան:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի