Թուրք նախարարը Շվեյցարիայում ժխտել է հայոց ցեղասպանությունը
Թուրքիա
Թուրքիայի` Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար Էգեմեն Բաղըշը կիրակի օրը Ցյուրիխում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Ֆրանսիայի ընդունած օրենքը որևէ նշանակություն չի կարող ունենալ։
«Հուսով եմ՝ Ֆրանսիայում խոհեմ մարդկանց թիվն ավելին է, քան խենթերինը», - ասել է նախարարն ու հավելել. - «Մենք հիմա Շվեյցարիայում ենք, և ես հայտարարում եմ, որ 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն չեն։ Դե թող գան և ձերբակալեն ինձ»։
Հաղորդելով Բաղըշի հնչեցրած հայտարարության մասին լուրը՝ Թուրքիայում հրատարակվող Zaman-ը նշել է, որ Շվեյցարիայում գործում է օրենք, որը պատիժ է նախատեսում ռասիստական հայտարարությունների, ինչպես նաև ցեղասպանությունների փաստը հրապարակավ հերքելու համար։
Շվեյցարիայի իշխանությունները հավաստիացրել են, թե իրենց օրենքը շատ առումներով տարբերվում է Ֆրանսիայում ընդունված օրենքից և կոչված է խթանել երկրում առկա օտարատյացության դեմ պայքարը, քանի որ անցած երկու տասնամյակում աջակողմյան խմբավորումները հետզհետե ավելի հաճախ են հարձակվում արտասահմանցիների վրա։
Բաղըշը Ցյուրիխում պնդել է նաև, թե Ֆրանսիայում ընդունված օրինագիծը կենսունակ չէ և «սոսկ դատարկ թղթի կտոր է»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)