Վրաստանը լուրջ առաջընթաց է գրանցել սուվերեն դեմոկրատական պետության կայացման հարցում. Առնոլդ Ստեփանյան
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ինչպես հայտնի է, հունվարի 30-ին Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ռուսական, վրացական եւ ամերիկյան մամուլը ողողված է այս հանդիպման մասին ոչ պաշտոնական լուրերի արտահոսքով:
Լուրեր.com-ի հետ զրույցում Վրաստանից «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը նոր տեղեկություններ հաղորդեց այդ հանդիպումից:
Ըստ նրա՝ Օբաման հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել Վրաստանում ընթացող դեմոկրատական գործընթացների ընթացքի վերաբերյալ։ Նա Վրաստանի նախագահին ասել է, որ ողջունում է Վրաստանի՝ պետական կառույցների եւ ինստիտուտների մասով իրականացվող բարեփոխումները: Առնոլդ Ստեփանյանի փոխանցմամբ՝ Օբաման նաեւ ասել է. «Վրաստանը լուրջ առաջընթաց է գրանցել սուվերեն դեմոկրատական պետության կայացման հարցում, եւ այդ համատեքստում շատ կարեւոր է փոքրամասնությունների իրավունքներն ամրագրելու եւ հարգելու ուղղությամբ տարվող աշխատանքը»:
Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ այդ հարցում իրենք իսկապես առաջընթաց են տեսնում: «Վրաստանը Քաղաքացիական օրենսգրքում հուլիսին փոփոխություններ արեց, համաձայն որոնց՝ կրոնական փոքրամասնություններն այստեղ այլեւս կարող են գրանցվել: Բացի այս, Վրաստանում մշակվել է էթնիկ փոքրամասնությունների ինտեգրացիայի քարտեզ: Սրա գաղափարն այն է, որ ազգային փոքրամասնություններին հնարավորություն է տրվելու ինտեգրվել Վրաստանի հասարակական-քաղաքական ինստիտուտներին: Ես կարծում եմ, որ Վրաստանն, իսկապես, փոքրամասնությունների ինտեգրման եւ նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ լուրջ քայլեր է իրականացրել: Բայց խոսքն օրենսդրական դաշտի մասին է միայն։ «Հիմա անհրաժեշտ է երկրորդ քայլն իրականացնել, այն է՝ գործնական եւ կիրառական հարթության մեջ գրանցել այդ առաջընթացը»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Առնոլդ Ստեփանյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)