Տեսագրությունը չի արդարացնում Սուրիկ Խաչատրյանին
Բլոգոսֆերա
Տիգրան Աբրահամյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Օրեր առաջ, երբ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղադրված տեսախցիկների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա դեպքի վայրում չի եղել և չի մասնակցել փոխհրաձգությանը, «փոթորիկ» բարձրացավ:
Հասարակության մի ակտիվ զանգված ակտիվորեն շրջանառում էր այն տեսակետը, թե դրանով փորձ է արվում կոծկել իրականությունը:
Ի դեպ, նախօրեին «Ա1+»-ի կողմից տարածված տեսանյութում ևս Սյունիքի նախկին մարզպետը փոխհրաձգության ժամանակ չի նկատվում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում բավականին խնդրահարույց և վստահություն չներշնչող դատավարություններ են եղել, հասարակությանը դժվար է մեղադրել կասկածամտության համար: Սակայն մյուս կողմից պետք է փաստել, որ զինդատախազի հայտարարությունը, կարծես թե, մի փոքր ճիշտ չի ընկալվել:
Այն, որ Սուրիկ Խաչատրյանը փոխհրաձգության պահին չի եղել դեպքի վայրում դեռ չի նշանակում, որ դրանով նրա նկատմամբ քրեական գործ հարուցելը դառնում է անհնարին: Բուդաղյան եղբայրները հենց այնպես չէին եկել նախկին մարզպետի տուն: Ակնհայտ է, որ փոխհրաձգության դրվագին նախորդել էին այնպիսի իրադարձություններ, որոնց արդյունքում Բուդաղյան եղբայրները ստիպված էին եղել նախկին մարզպետի տուն գալ զինված: Ըստ տարածված տեղեկությունների' Սուրիկ Խաչատրյանը ողբերգական միջադեպից մի քանի ժամ առաջ հայհոյել ու ծեծի էր ենթարկել Ավետիք Բուդաղյանին, ինչից հետո վերջինս զանգել էր եղբորը՝ Արտակ Բուդաղյանին, և նրանք միասին գնացել էին նախկին մարզպետի տուն:
Փոխհրաձգության պահը տեսախցիկներով ֆիքսվել է և դրանով շատ հարցեր ստանում են իրենց պատասխանը, սակայն շատ կարևոր է նաև պարզել, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել մինչև փոխհրաձգությունը: Ինչպիսի՞ վարք է դրսևորել Սուրիկ Խաչատրյանը, ինչը Բուդաղյան եղբայրներին դրդել է ծայրահեղ քայլի գնալ և վերջապես, ո՞ւր է փոխհրաձգության պահին եղել Սուրիկ Խաչատրյանը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան