Մասսայական արտագաղթի մասին. մեծ հաշվով դա նրանց իրավունքն է
Բլոգոսֆերա
Վարուժան Բաբաջանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Վերջին օրերին շատ է գրվում երկրից մասսայական արտագաղթի մասին, այն մասին, թե ինչպես են հատկապես սահմանամերձ շրջաններից մարդիկ ընտանիքներով հեռանում: Մեծ հաշվով դա նրանց իրավունքն է, ցանկացած մարդ ունի բնակավայրի ազատ ընտրության իրավունք, և այլ երկրներում բնակվելու նրանց ձգտումը քննադատելու բարոյական իրավունք ոչ ոք չունի: Սակայն կա հարցի երկրորդ կողմը, որը, չգիտես ինչու, մշտապես անտեսվում է:
Հավանաբար մեկ-երկու տարի առաջ էր, որ արտագաղթի ահագնացող տեմպը ստիպեց Հայաստանում գործող ստեղծագործական միությունների ղեկավարներին՝ հանդես գալ գրեթե ընդդիմադիր դիրքերից և կոչ անել իշխանություններին՝ գործուն քայլեր ձեռնարկել արտագաղթը մեղմելու ուղղությամբ: Գործուն քայլերը չարվեցին, արտագաղթը չնվազեց, բայց ստեղծագործական միությունների ղեկավարները լռեցին:
Վերջին շրջանի գաղթականության ահագնացող տեմպը, թվում էր, պետք է ստիպեր իշխանություններին՝ երկրի տնտեսության մեջ կատարել վիրահատական միջամտություններ, սակայն նրանք ավելի լուրջ գործերով էին զբաղված՝ օֆշորային սկանդալներ, վերահսկիչ պալատի կողմից որպես կանոն հետևանքներ չունեցող ստուգումներ և կառավարության կողմից հերքումներ, անիմաստ շոուներ և տուն-տունիկներ...
Մինչդեռ այս անգամ երևույթը մեղմելու ուղղությամբ պետք է համախմբվեին ոչ միայն ստեղծագործական միությունները կամ հարցով զբաղվող ՀԿ-ները, այլ ողջ հանրապետության գործարար հատվածը: Բանն այն է, որ մենք բոլորս կորցնում ենք մեր պոտենցիալ սպառողներին, Հայաստանը դառնում է շուկա՝ առանց սպառողների: Տարիներ շարունակ երկրի տնտեսության մեջ այս կամ այն կերպ ներդրված գումարները լճացման վտանգի առաջ են կանգնած: Հաշվի առնելով, որ երկրում գործող բիզնեսների մեծ մասը այս կամ այն կերպ առնչվում է իշխանությունների հետ՝ նրանք պետք է ջանքեր չխնայեն՝ իրենց սպառողներին երկրում պահելու համար: Այս հարցում նրանց անգործությունը տարօրինակ է, նրանք կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են:
Խորհրդարանում և կառավարությունում այնպիսի հպարտ լռություն է այս հարցի շուրջ, ասես այդ արտագաղթը մեր հարևան Թուրքիայում է և մեր խորամանկ իշխանությունները համբերատար սպասում են՝ երբ է մեր հարևան երկիրը դատարկվելու, որ նվազագույն դիմադրությամբ գնան մեր պատմական հողերը գրավեն...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան