«Ուղղակի զարմանում եմ մեր ԱԳՆ-ի ամուր նյարդերի վրա»
Բլոգոսֆերա
Վարուժան Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Հայրենակիցներ» ծրագրով հայերի՝ դեպի Ռուսաստան գաղթի կազմակերպումը, գազի սակագների թանկացումը, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի տարածք լինելու մասին, հայկական դիվանագիտական կորպուսի կողմից մնացին անարձագանք: Մի քանի odnoklasniki.ru-ի մակարդակի տռֆսներից բացի՝ որևէ լուրջ գնահատական մեր դիվանագետների կողմից այդպես էլ չտրվեց: Դրան հետևեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վերազինելու մասին սկանդալային տեղեկությունը: Լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ խոսքը T-90 C տեսակի 94 տանկի, 100 БМП-3 զրահամեքենայի, 18 հրետանային ինքնագնացի, ևս 18 «Սմերչ» տիպի հրթիռակոծման համակարգի, «Վենա» տեսակի 18 հրետանային ինքնագնաց զենքի և 6 ծանր հրետանային համակարգի մասին է: Սպառազինության ընդհանուր արժեքը մոտ մեկ միլիարդ դոլար է:
Ուղղակի զարմանում եմ մեր ԱԳՆ-ի ամուր նյարդերի վրա: Կարծես այդ կառույցին այս աշխարհում հետաքրքրում է միայն մոլորակի գլոբալ տաքացման հեռանկարը և չարաճճի երեխաների սանձարձակ գործողությունների հետևանքով դելֆինների մոտ դեպրեսիայի առաջացման վտանգը: Այնպիսի մանր հարցեր, ինչպիսին ռազմավարական դաշնակցի արտաքին քաղաքական ուղեծրի ակնհայտ փոփոխությունը ի վնաս մեր պետականության, մեր դիվանագիտական կորպուսին չի հետաքրքրում: Ոչ միայն չի հետաքրքրում, այլև կարծես նրանց այդ փաստը չի վերաբերում: Նրանք առավել լուրջ գործողություններով են զբաղված՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Սվազիլենդի հետ և պաշտոնական Մբաբանեի հետ երկկողմ թափանցիկ հարաբերությունների կառուցումը (իսկ որ այդ հարաբերությունները գոնե Սվազիլենդի կողմից թափանցիկ են՝ կասկած չի հարուցում՝ հաշվի առնելով նրանց կենցաղում մերկությունը ծածկող պարագաների մինիմալ օգտագործումը)...
Օրեցօր փոփոխվող արտաքին քաղաքական հետաքրքրությունների պարագայում արտգործնախարարությունը պետք է չբեր կառույցից դառնա մեր պետության գոյության ամենահուսալի երաշխիքներից մեկը: Եթե ինչ-որ քայլեր իմ նշած երևույթները կանխելու կամ մեղմելու շուրջ արվում են, ապա այնքան թաքուն և թափթփված, որ հասարակության մոտ իսկապես լուրջ կասկածներ են ծնվում: Եթե մի պահ ընդունենք, որ ամեն ինչ անկեղծ է արվում, ապա շատ անհարմար դրություն է ստեղծվում՝ երկրի ղեկավարին զեկուցում են, որ Ռուսաստանը մտադրություն չունի թանկացնել գազի սակագները, նա ասուլիսի ընթացքում հստակ հայտարարում է այդ մասին, սակայն բառացիորեն օրեր անց գազի գների թանկացման շուրջ հայտարարություն է արվում: Եվ անգամ այդքանից հետո ԱԳ նախարարը շարունակում է էկզոտիկ հարաբերություններ հաստատել, փոխանակ այդպիսի դիվանագիտական խայտառակության համար պատասխան տա...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան