«Հայտնվել է պատվիրատու. սուր են ճոճում Շարմազանովի դեմ»
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Էդիկ Շարմազանովի հետ ջերմ հարաբերություններ չունենք: Հանդիպելիս բարևում ենք: Պատահել են դեպքեր, երբ անցել է կողքովս՝ զբաղված, հետո շրջվել ու մոտեցել-բարևել է... Այսինքն, այն մարդկանցից չէ, որոնք մարդկային իմ պատկերասրահում մշտապես գրանցված են: Սակայն տակավին տարիներ առաջ, երբ տեսա նրան հեռուստատեսային հաղորդաշարերից մեկում, ուրախացա, որ երիտասարդության շրջանում կան գիտակ ու պատասխանատվություն ունեցող մարդիկ, առաջնորդի ակնհայտ հատկանիշներով: Հետագայում հետևել եմ նրա ընթացքին: Երբ առաջադրվեց Ալավերդու քաղաքապետի թեկնածու, ներքուստ դեմ եմ եղել, առավել մեծ համակրանք եմ տածել այսօր արդեն ինձ համար թանկ ու մտերիմ կրտսեր ընկեր դարձած Արթուր Նալբանդյանի նկատմամբ:
Չեմ թաքցրել իմ գնահատականը Էդիկ Շարմազանովին, ասել եմ հրապարակավ՝ ալավերդցիների ներկայությամբ... Հիմա Շարմազանովը ԱԺ փոխնախագահ է: Ազնվորեն խոստովանեմ, որ ցանկացած երիտասարդի ներկայություն իշխանության բարձրագույն մարմիններում ինձ ուրախացնում է, ոգևորում են նրանք, ովքեր ունեն բավարար ինտելեկտուալ պատրաստվածություն, սթափ դատողություն:
Էդիկը նմաններից է: Ավելին, լինելով հույն, նա բոլորեքյան նվիրված է այն ժողովրդին, որի հետ ապրում է, որի զավակն է իրեն համարում...
Ինչու՞ եմ գրում այս ամենի մասին: Պարզեմ միտքս: Վերջին օրերին, կարծում եմ՝ պատվիրված, արշավանք է սկսվել Շարմազանովի դեմ, հավանաբար ոմանք տանել չեն կարողանում այն, որ երիտասարդ մարդը դարձել է ԱԺ փոխնախագահ, առավել գիտակ է, կրթված, դաստիարակված: Ուրեմն, ,,հայրեր-որդիներ,, պայքարում պետք է շարքից հանել Էդիկ Շարմազանովին... Չեմ կարծում, թե իդեալական կերպար է Էդիկը, չեմ ընդունել նրա շատ ու շատ հայտարարություններ, սակայն ուրախացել եմ այն բանով, որ այսօր ձևավորվում է երիտասարդ առաջնորդների ու քաղաքական գործիչների նոր սերունդ: ԼԱՎ ՍԵՐՈՒՆԴ:
Հետևաբար, Էդիկ Շարմազանովի դեմ գրող հարգելի լրագրողներ, որտե՞ղ էիք այսքան ժամանակ, ինչու՞ չէիք ,,բացահայտում,, Շարմազանովին, ինչու՞ նույն մոլեգնությամբ չէիք գրում նրա դեմ, ինչու՞ չէիք նկատում նրա սխալները, երբեմն՝ քաղաքական պարկեշտությունը ժխտող նրա հայտարարությունները...
Պատճառը մեկն է՝ պատվիրատու չկար, ,,հոնորարներ,, վճարող չկար: Հիմա, գուցե, հայտնվել է այդ մեկը: Ու դուք, հանուն այդ ,,հոնորարների,,՝ ծառայում եք... Ես մեկ տարի հետո 60 տարեկան կդառնամ, այսինքն կարող եմ համարել, որ իմ կյանքի մի զգալի հատվածն արդեն անցյալ է, առջևում քիչ բան կա: Իմ սերունդն արեց իր գործը՝ լավ, վատ կամ խայտառակ, իմ սերունդը պատրաստվում է հեռանալ: Գալիս է նոր սերունդ, ձեր սերունդը, որի ներկայացուցիչն է նաև Էդիկ Շարմազանովը:
Ինչու՞ եք սուր ճոճում ձեր սերնդակցի դեմ, հատկապես նրա, որը շատ ավելի պարկեշտ է, քան ամեն տեսակի խաչիկասրյաններ և մյուսներ:
Դժգոհություննե՞ր ունեք Շարմազանովից՝ հանդիպեք նրա հետ, իրատես համարձակությամբ զրույց վարեք, բայց մի՛ ոչնչացրեք, այլ նաև նրա միջոցով պետական կառավարման համակարգ տարեք ձեր մյուս հասակակիցներին, որպեսզի պահ առաջ տեղի ունենա սերնդափոխությունը, որպեսզի թարմ ու երիտասարդական մտածողությունն իշխի մեր երկրում:
Ոչնչացնելու փոխարեն՝ աջակցեք ձեր սենդակիցներին, օգնեք, հուշեք, բարեկամաբար քննադատեք, բայց, ի սեր Աստծո, մի՛ կատարեք արդեն դարն ապրած մարդկանց հանձնարարությունները...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան