Տեսնես մեր քաղաքական գործիչներն իրենք իրենց հետ խոսո՞ւմ են
Բլոգոսֆերա
Ռոբերտ Մելքոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Տեսնես պետական պաշտոնյաները, պատգամավորները, քաղաքական գործիչները իրենք իրենց հետ խոսո՞ւմ են...
Ցանկացած մարդ իր մտածումների, իր գործողությունների, իր մեղքերի ու զանցանքների, արարքների ամենատեղեկացվածն է և ինչու չէ նաև դատավորը: Աստված մարդկանց մտածելու, խորհելու հնարավորություն է տվել, գուցե նաև նրանց մեջ ինքնաքննադատության, սեփական գործողությունների, խոսքերի, արարքների վերլուծության շնորհիվ դաստիարակվելու, ինքնամաքրվելու, թերությունները վերացնելու, հետևություններ անելու հնարավորություն անցանկալի արարքներ թույլ չտալու համար:
Մարդիկ' հավանաբար բոլոր մարդիկ, չնայած այնքան էլ վստահ չեմ, հաճախ եկեղեցում աղոթելիս, բնության գրկում միայնակ զբոսնելիս, քնելուց առաջ, անքնության ժամերին, առանձին, լուռ, մտովի, կամա թե ակամա հիշում են իրենց արարքները, խոսքերը, փոխադարձ շփումները, մեղադրում կամ մտովի արդարացնում իրենց…Գուցե նաև թողություն հայցում Աստծուց գործած մեղքերի համար…
Սակայն, միթե նրանք հետևություններ են անում, փորձում ինքնավերահսկել, հղկվել, ճշգրտել, ավելի խելամիտ դարձնել իրենց գործողություններն ու արարքները: Եթե այդպես լիներ մենք բյուրոկրատ, կաշառակեր, լկտի, կոպիտ պաշտոնյաներ չէինք ունենա, պատգամավորներից շատերը կամաչեին և հրաժարական կտային, որոշները կխնդրեին վերանայել իրենց կոչումները, քաղաքական գործիչներից շատերը քաղաքականությամբ չէին զբաղվի, գործարարների որոշ մասը անմտածված գները չէին բարձրացնի, գերշահույթների հետևից չէին ընկնի և յուրաքանչյուրս կամաչեինք մեր թույլ տված վատ արարքների կամ վարքագծի համար:
Բայց չէ, ինչպե՞ս...Ե՞ս...
Ես պետք է հարստանամ ամեն գնով, տրորելով, օրենքները խախտելով ու շրջանցելով, խափելով, քցելով, գռփելով: Ես պետք է հասնեմ ամեն ինչի, օգտվեմ ամեն ինչից, ես պետք առանձնանամ, լինեմ առանձնահատուկ, յուրօրինակ: Ես պետք է հայհոյեմ, կոպտեմ, վիրավորեմ, նսեմացնեմ…Իմ առանձնատունը պետք է լինի ամենամեծն ու ճոխը, իմ մեքենան ամենաթանկը, իմ թիկնապահները ամենաշատն ու ամենահաստավիզը, իմ………
Ես եմ ճիշտը…Իմն է ճիշտը…Ես եմ որոշողը…
Ցավոք այդպես է, համատարած: Խորհեք հա?... Ձեզ երբեմն դրեք դիմացինի տեղը, ինչպես կզգայիք նման իրավիճակներում, ինչ զգացումներ, ապրումներ կունենայիք…
Խորհեք եթե կարող եք, մեկ-մեկ ինքներդ ձեզ հետ խոսեք, մեղքերի թողություն հայցեք և ամենակարևորը անպայման հետևություններ արեք…»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան