Հայ ժողովուրդն ուղիղ օդանավակայան կամ ավտոկայան է գնում
Բլոգոսֆերա
«Բավականին ծանր տպավորություններով երեկոյան ուշ ժամին տուն եկա: Ընկերներիցս մեկն էլ՝ Արտակն իր ընտանիքով լքեց հայրենիքը, գնաց բախտ որոնելու օտար ափերում: Շուրջ 50 նստելատեղերով Ռուսաստան մեկնող 4 ավտոբուսներում ասեղ գցելու տեղ չկար: Բավականին գորշ էր մթնոլորտը,լացակումած աչքեր, երեխաների լաց ու կոծ ու…ճամպրուկներ, ճամպրուկներ….վերմակներ ու բարձեր՝ պարանով փաթաթված, մոայլված դեմքեր: Բաժանման պահր սահմռկեցուցիչ էր:
«Ոսկե ձեռքեր» ունեցող, հիանալի շինարար կեսախինդ Արտակից ու մանկավարժ կնոջից՝ հումորով լեցուն Լիլիթից, աղջկանից՝ 3 տարի առաջ «Կարմիր դիպլոմով» համալսարանն ավարտած, բայց այդպես էլ աշխատանք չգտած Աստղիկից գրեթե ոչինչ չէր մնացել: Կուչ էին եկել. Նրանց տխուր աչքերում վիշտ կար, ցավ կար, ողբ կար, հայրենիքը լքելու մեղայական կար, ճարահատյալ պանդխտության ճանապարհը բռնելու անորոշություն կար: Ի՜նչ նպատակներ ու երազանքներ ունեին… որոնք փշրվեցին մայր հայրենիքում, պապերի ու տատերի հողում, որովհետեվ նրանց համար այս հողի վրա տեղ չկար, որովհետեվ մաքուր են, պարզ են, առաքինի են,արարող են, համեստ են, թալանչի ու գռփող չեն: Սակայն հացի խնդիր ունեն դեռ լուծելու: …Ավտոբուսները շարժվեցին… Թափահարվող ձեռքեր… ձեռքեր…. ձեռքեր… վերջին խորհուրդներ… «Լավ կպահեք ձեզ», «Երեխաներին ուշադիր կլինեք», «Տեղ հասնեք՝ զանգեք», «Ձեզ պինդ պահեք»… ու հանկարծ..
”Մենք էլ շուտով կգանք”: ՄԵՆՔ ԷԼ ՇՈՒՏՈՎ ԿԳԱՆՔ… Արդեն օդը չէր հերիքում… Մի ինչ-որ դառը մաղձ եկել կուտակվել էր կոկորդում: Խեղդվում էի… ՈՒ շարժվեցին ավտոբուսները, իրենց հետ տանելով մեր սիրելի մարդկանց՝ իրենց անկատար երազանքներով… Ետդարձի ճանապարհին ակամայից հիշեցի մի քանի օր առաջ թերթերից մեկում տպագրված հոդվածի «Գնում են եղեռնից մազապուրծ ամբոխի նման՝ բոխչաներով ու աման-չամանով, ավտոբուսների հատակին կուչ եկած: Սոցիալական բունտ Հայաստանում չի կարող լինել՝ մեր ժողովուրդը սոցիալական հողի վրա երբեք փողոց դուրս չի եկել և չի գա: Թերևս կարելի Է համաձայնել այս մտքի հետ՝ հայ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս, հայ ժողովուրդն ուղիղ օդանավակայան կամ ավտոկայան է գնում» տողերը: Տխուր է, սակայն՝ փաստ է: Է՜հ, ի՜նչ դաժան օր էր այսօր»:

Գրառումը՝ Նորիկ Քեշիշյանի ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան