«Տարոն Մարգարյանին արջի ծառայություն են մատուցում»
Բլոգոսֆերա
Վահան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տարոն Մարգարյանը, կասեցնելով տրանսպորտի սակագնի թանկացման մասին իր որոշումը, շանս ձեռք բերեց վերականգնելու իր սասանված հեղինակությունը կամ գոնե թույլ չտալու, որ այն է՛լ ավելի սասանվի:
Ցավոք սրտի, այսօրվա դրությամբ տեսնում ենք ճիշտ հակառակ հետևանքների բերող քայլեր՝ քաղաքապետարանի կողմից: Դատեք ինքներդ, բավ էր, որ մի քանի տասնյակ ակտիվիստներին ցրելու համար սկսեին անհեթեթ միջոցներ ձեռնարկել, այն է՝ օրը 24 ժամ քաղաքապետարանի շրջակայքի խոտածածկերը ջրել, ինչ է թե ակտիվիստները նստելու տեղ չունենան, և բարձրացավ ոչ այնքան բողոքի, որքան ծաղրուծանակի նոր ալիք:
Ֆեյսբուքը հիմա ողողված է բազմաթիվ դեմոտիվատորներով ու ստատուսներով, որոնք դաժան կատակներ են անում քաղաքապետարանի ու քաղաքապետի հասցեին: Եվ որ հարցերի հարցն է՝ հանուն ինչի՞: Մի՞թե այդքան սարսափելի բան է հանդուրժել ակտիվիստներին ու նրանց պահանջները (տեսեք, չեմ էլ ասում ընդունել կամ համաձայնվել): Մի՞թե հանուն նրա, որ չհնչեն Հենրիկ Նավասարդյանի ու Միսակ Համբարձումյանի հրաժարականը պահանջող կոչեր, արժեր դիմել նման ոչ խոհեմ քայլերի՝ էլ ավելի անլրջացնելով Երևանի քաղաքապետարանի ու քաղաքապետի ընկալումը հանրության աչքերում:
Վստահ եմ, որ չարժեր:
Չգիտեմ, թե ջրերը միացնելու նախաձեռնությունը որտեղից է սկիզբ առնում, բայց եթե գործ ունենք Տարոն Մարգարյանին իբր պաշտպանելու միտում ունեցող նրա ենթակաների հերթական անհեթեթ ինքնագործունեության հետ, ապա կարծում եմ, որ առաջին հերթին հենց Տարոն Մարգարյանը պետք է գիտակցի, որ իրեն հերթական անգամ արջի ծառայություն են մատուցում, ու շուտափույթ կասեցնի այս անհեթեթությունը: Համենայն դեպս, սա բարի խորհուրդ՝ իմ կողմից»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան