Եվ այսպես մինչև ե՞րբ. Ռուբեն Հակոբյան
Բլոգոսֆերա
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵՎ ԱՅՍՊԵՍ` ՄԻՆՉԵՎ ԵՐԲ...
Սանկտ-Պետերբուրգում Ա.Ի Սոլժինիցինի հետ հանդիպման ժամանակ, ով մեր պատմության հիանալի գիտակներից էր, ինձ հետ զրույցում այսպիսի մի միտք արտահայտեց. ,,Զարմանալի ազգ եք հայերդ' պատմությունը ձեզ համար միշտ հրաշալի հնարավորություններ է ընձեռել դառնալ տարածաշրջանի հզոր տերություններից մեկը, բայց երբեք դուք չեք կարողացել օգտվել այդ հնարավորություններից: Լինելով փաստացի անկախ եվ ինքնաբավ տերություն, նույնիսկ այն ժամանակ, երբ Մեծ Հայքը ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը ու միջազգային լուրջ հեղինակություն, ձեր թագավորը /նկատի ուներ Տրդատ Ա-ին, Ռ.Հ/ բազմամարդ շքախմբով մեկնեց Հռոմ' Ներոնի ձեռքից Մեծ Հայքի թագը ստանալու համար: Անհասկանալի է' ինչու ձեր թագավորները չէին թագադրվում հենց իրենց թագավորության սահմաններում' առանց մուրալու այդ ժամանակահատվածում տեւականորեն միմյանց նկատմամբ խորը հակասությունների մեջ գտնվող Հռոմի կամ Պարսկաստանի բարեհաճությունը: Այդ օտարապաշտությունը պատմականորեն միշտ խանգարել է ձեզ' հզոր պետություն դառնալու ճանապարհին,,:
Այդ զրույցը արձանագրեցի իմ դիվանագիտական հանդիպումների նոթատետրում եւ, հատկապես վերջին ժամանակներս, հաճախ եմ վերհիշում այն: Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Սոլժինիցինի հետ, բայց անժխտելի փաստ է' երբեմնի հզոր, ավելի քան 300 հազար քառակուսի կիլոմետր ընդարձակ տարածքից այսօր մնացել է մի փոքրիկ, ափաչափ Հայաստան, որն օր-օրի արտագաղթում է:
Մի կողմ թողնենք տրդատների ու արշակների ժամանակաշրջանը, եւ, որպես մասնակիցների ու վկաների, դառնանք մեր ժամանակներին. իսկապես' ինչու մենք' ինքներս, այսքան թշնամաբար ապականեցինք արյաբ ու հազար ու մի զրկանքներով ձեռք բերած մեր Անկախ պետականությունը' արտաքին բազմաշերտ վասալային կախվածությամբ ու պետական մուրացկանությամբ, կոռուպցիայով ու ահռելի չափերի հասնող ստվերային տնտեսությամբ, որն իր ծավալով գրեթե չի զիջում պետական բյուջեին: Ինչու մենք' ինքներս, մեր քաղաքացուն ունեզրկեցինք ու նվաստացրեցինք, որ իր ազգուտակով բռնի փախեփախի ճամփան, եւ, որ թերեւս ամենակործանարարն է' ինչու ապականեցինք բոլոր մակարդակներում ընտրությունները' իշխող ուժի թեկնածուների համար ապահովելով մինչեւ 225 տոկոս քվե, ինչի արդյունքում այդ 225 տոկոսանոց թագավորները այդպես էլ մնացին, ինչպես կասեր Չարենցը, անժողովուրդ ու գահազուրկ:
Եւ այսօր քաղաքական բանավեճի հիմնական թեման նորից մնացել է նույնը' ամերիկաններին, ռուսաստաններին, եվրոպաններին հրավիրենք, որ մեզ կառավարեն, թե թուրքերը գան' բայց, հասկանալի է, արդեն առանց հրավերի... ԵՒ ԱՅՍՊԵՍ' ՄԻՆՉԵՒ ԵՐԲ...»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում