«Պետք է միասնական, ձեռք-ձեռքի տված ապրենք, արարենք, պայքարենք և հաղթենք…». Ռոբերտ Մելքոնյան
Բլոգոսֆերա
Ռոբերտ Մելքոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Վերջին ժամանակներս մի միտում է նկատվում` պարբերաբար մեր երկրի պրոբլեմները, խնդիրները, դժվարությունները, ստեղծված իրավիճակը, բոլոր վատ երևույթները, «դժբախտությունները» կապել ինչ-որ տարիքային խմբերի հետ:
Մեկ չգիտես ինչու ամբողջ մեղքը բարդվեց 50-60 տարեկաններին, հիմա էլ ըստ «Հրապարակ» օրաթերթի խմբագրականի` մի խոհափիլիսոփայական դիտորդ մեր երկրի վատ վիճակի մեղավոր համարում է 30-45 տարեկաններին…Այսպես որ գնա հերթը կհասնի նաև մսուր-մանկապարտեզների սաներին…
Լավ ինչքան պարզունակ և մակերեսային պետք է ընկալել իրավիճակը, որպեսզի «գերանդու» մտածողությամբ նման մտքերի հանգես…Հետն էլ փորձես նույնիսկ «կուտ տալ», «ոգևորել», հրահրել այս կամ այն տարիքային խմբերին…
Ինչ մոլուցք է անընդհատ հասարակությանը, ՀՀ քաղաքացիներին, ժողովրդին փորձել բաժանել ըստ ծննդավայրի, ըստ հայրենակցական միությունների, ըստ կուսակցական-քաղաքական հայացքների, իշխանամետ, ոչ իշխանամետի, ռուսամետի, արևմտամետի, հայրենասերի, ոչ հայրենասերի…Հիմա էլ ըստ տարիքային խմբերի, ըստ աճող, «փթթող» կամ «փտող» սերունդների…
Որոշ «գիտունիկներ» ինչ են ուզում անել անընդհատ սեպ խրելով, հասարակությանը բաժանելով, ատելություն սերմանելով, կռվեցնելով, հակամարտության մեջ մտնելով, միմիանց վարկաբեկելով, ցեխ շպրտելով…
Սերունդներին լարել իրար դեմ, ասել սա լավն է քան մյուսը անշնորհակալ և անօգուտ գործ է: Յուրաքանչյուր սերունդ ունի իր դերը, իր նշանակությունը, իր խնդիրները, իր ձեռքբերումները, նվաճումները, վաստակը: Ինչու չէ նաև սխալներն ու բացթողումները…
Դարեր շարունակ այդպես եղել է, այդպես էլ կշարունակվի…
Մենք պետք է լինենք միասնական` բոլորս, անկախ տարիքից, բոլորս միասին…Մենք միասին ենք, մենք մի ընտանիք ենք, մեկ ազգ, մեկ ժողովուրդ ու մեր ընտանիքում թշնամի, մեղավոր փնտրելու փոխարեն պետք է միասնական, ձեռք-ձեռքի տված ապրենք, ստեղծենք, արարենք, պայքարենք և հաղթենք…»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում