«Բագրատաշենում առկա պրոբլեմների լուծմանը խոչընդոտում է պետական տարբեր կառույցների վարչարարությունը»
Բլոգոսֆերա
Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ինձ զանգահարել են Նոյեմբերյանի Բագրատաշեն գյուղի մի խումբ բնակիչներ (այդ թվում նաև գյուղապետը), որոնք նշում էին, որ գյուղը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց մեծամասնության լուծմանը խոչընդոտում է պետական տարբեր կառույցների վարչարարությունը: Փորձել են դիմել ընտրատարածքի ԱԺ պատգամավորին, սակայն ջանքերը ապարդյուն են եղել. պատգամավորը չի արձագանքել: Ինձ, որպես համագյուղացու և ԱԺ պատգամավորի նախկին թեկնածուի, առաջարկում էին գնալ գյուղ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու:
Գյուղ, իհարկե, կգնամ և կփորձեմ ինչ-որ կերպ օգտակար լինել, սակայն մի բան ուզում եմ հստակ շեշտել: Եթե առ այսօր, ելնելով նախկին մրցակցիս մասին քաղաքակիրթ լռություն պահպանելու իմ որդեգրած սկզբունքից, լռել եմ ընտրատարածքում տիրող օրենսդրական անիշխանության մասին, այսուհետև չեմ պատրաստվում անտարբեր հետևել, թե ինչպես է անգործության մատնված պետական կառավարման այդ կարևորագույն ինստիտուտը: Ես, որպես «լրատվամիջոցի ղեկավար», իմ աշխատանքը ուժերիս ներածին չափով կատարում եմ՝ զուգահեռաբար փորձելով անմասն չմնալ ընտրատարածքի խնդիրներին` մի գործառույթ, որի համար ոմանք վճարվում են պետբյուջեի կողմից:
Պարզապես չեմ ցանկանա, որ այսուհետ տարաբնույթ ամբիոններից պարբերաբար հիշեցնեմ, թե ինչի համար է պետբյուջեն պատգամավորների նկատմամբ այդպիսի շռայլություն թույլ տալիս...
Վարուժան Բաբաջանյան
ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող